Երբ հողն իր հետ չի խոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի համար «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը ավելի շատ պճնված  շոու է՝ չնայած հաղթողների մեջ լինում են նաև հզոր ֆիլմեր:

Ըստ նրա՝ հայկական կինոն պետք է լինի ինքնագիտակցման և ստեղծագործական բարձրագույն սկզբունքների, ազգային հենքի վրա հիմնված. «Այսինքն՝ գիտելիքներիդ վրա պիտի, այսպես ասած, շարես ե՛ւ քո գիտակցությունը, ե՛ւ համաշխարհային փորձը: Իսկ եթե քոնը չէ, քո սուբյեկտիվը չէ, ապա ստեղծագործողը կորչում է»:

-Օրերս տեղեկացանք, որ այս տարի Մհեր Մկրտչյանի մասին չհրապարակված լուսանկարներ և պատմություններ կհրապարակվեն, լույս կտեսնի երեք գիրք, կնկարահանվի երկու ֆիլմ: Դուք դերասանի հետ խաղացել եք  «Կտոր մը երկինք» սիրված  կինոնկարում: Ինչպիսի՞ն էր Ձեզ համար Մհեր Մկրտչյանը:

-Մհերն ինձ համար, նախ՝ երանելի մի հատվածում գտնվող մարդ է, ում մանկուց իմացել եմ և տեսել «01-99»-ից սկսած` մինչև «Նահապետ» և հենց «Կտոր մը երկինք»-ը, նրա կատարած բոլոր աշխատանքները: Նա ինձ համար աստվածատուրիկ որակի արտիստ էր: Դերասան բառը տանել չէր կարողանում և ինձ էլ դա սովորեցրեց:

Ես մեծ վարպետից շատ  շնորհակալ եմ, որ իր կյանքի մի փուլում ինձ թույլ տվեց ընկերություն անել իր հետ: Դա իսկապես թույլտվությամբ պետք է լիներ, և նրա հանդեպ մեծ ակնածանքը պահպանելով, այնուամենայնիվ, ես բախտ ունեցա շփվել նրա հետ, լինել նրա մտերիմ զրույցների դաշտում:

Իհարկե, հազար ափսոս, որ շուտ գնաց (և ոչ միայն ինքը), բայց մեծերի կորուստը պետք չէ ողբերգականորեն ընդունել. «Վայ, մեր մեծերը գնացին, այլևս չեն լինելու»:

Ոչ, ժողովրդի արգանդը չի չորանում, ժողովուրդն անդադար ծնում է: Ուրիշ բան, որ դու այնքան անուշադիր ես քո ժողովրդի հանդեպ, որ նոր Մհեր Մկրտչյանին, նոր Հրանտ Մաթևոսյանին չես տեսնում: Չես տեսնում նոր Շեքսպիրին, Չապլինին,  տեսնում ես միայն այն, ինչ ինքդ ես ցանկանում տեսնել: Սա վնասակար է, որովհետև կկարդաս Պլատոն, չես հասկանա՝ ինչի մասին է գրել, չես հասկանա Սթայնբեքին ու շատերին:

-Այսինքն, ուզում եք ասել, որ գնահատման, արժևորման չափանիշեր չկա±ն£ Դա միայն արվեստի՞ բնագավառում է:

-Ոչ միայն: Կրթական համակարգը որևէ չափանիշի չի բավարարում, նույնն է վիճակը գրեթե բոլոր բնագավառներում: Իսկ արվեստի բնագավառը շռնդալից տրված է այդ շոուների պերճանքին ու գլամուրային շքերթին, ու բանից պարզվում է, որ քո արվեստը ԿՎՆ-ն է: Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ: Ես սիրում եմ ԿՎՆ-ը, եթե այն միայն սիրողական աշխատանք է, բայց երբ այն հավակնում է գրավել արվեստի տարածքը և կոչվել արվեստ, դա պարզապես անտանելի է:

-Նկատի ունեք հեռուստատեսությամբ ներկայացվող արվե՞ստը:

-Իհարկե, նաև դա: Այդ քառակուսի տուփիկն առանց դուռը թակելու բոլորիս բնակարանն է խցկվում: Մեր իշխանություններն իրենց  ապաշնորհությունը, անճաշակությունը  դրսևորում են ամենուր: Մեծամասնությունը, թելադրողը, վճարողն ու պատվիրատուն իրենք են: Իսկ դրանից տուժում է ժողովուրդը, որն իր խնդիրների լուծումը չի գտնում, հայտնվում է փակուղում, թունելի վերջում լույս չի տեսնում և ստիպված արտագաղթում է:

Նա չունի այն հիմքը, որը կոչվում է պետություն, հողը ոտքերի տակից փախչում է, գալիս է տուն, բախվում այդ քառակուսի էկրանին ու տեսնում, որ անդադար ինչ-որ անհասկանալի աստղեր են ֆռֆռում… Մարդը, գյուղացին իր հայրենիքը, հողը լքում է միայն այն դեպքում, երբ հողը իր հետ չի խոսում: Իսկ եթե հողը խոսի, գյուղացու վրա Ալեքսանդր Մակեդոնացու զորքերն էլ ուղարկես, նա կկանգնի մինչև վերջ, որովհետև դա իր հողն է:

-Բայց Դուք էլ ժամանակին նկարահանվել եք առաջին հեռուստասերիալներից մեկում: Սերիալային ինդուստրիայում առաջընթաց նկատվո՞ւմ է:

-Կարծում եմ՝ ոչ: Ես սերիալների ժանրի նկատմամբ ընդհանրապես ագրեսիա չունեմ, բայց այն, ինչ որ կատարվում է, ինձ համար ընդունելի չէ: Կային ու կան մարդիկ, ովքեր այդ ձևաչափում ուզում են ինչ-որ բաներ անել, բայց ներքին աշխատանքային և նպատակային վիճակն այնպիսին են, որ այդտեղ լավ բան, ցավոք, ծնվել չի կարող:

Հարցազրույցը՝ Ռուսլան Թաթոյանի

 




Լրահոս