ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն առանց որեւէ նախապայմանի», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հիշեցրել է, որ «Պուտինը նախկինում բազմիցս է խոսել այդ մասին»։
Ուրբաթ կայացել է ՌԴ նախագահի եւ ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնացի միջեւ տարեսկզբից ի վեր չորրորդ հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ զրույցը տեւել է երեք ժամ եւ եղել է «կառուցողական եւ շատ օգտակար»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ Ուիթքոֆի հանդիպումը լավ է անվանել։






























