Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում իրանա-ամերիկյան բանակցություններն ավարտվել են նրանով, որ բանակցող կողմերը համաձայնել են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ հետագա խորհրդակցությունների համար, տեղեկացրել է Mehr-ը:
«Իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների փորձագետների քննարկումների ընթացքում կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել ակնկալիքների եւ պահանջների վերաբերյալ»,- նշվել է IRIB ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի թղթակցի ռեպորտաժում։
«Իրանի եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ տեխնիկական բանակցությունները հասել են մանրամասն փուլի»,- ավելացրել է IRIB թղթակիցը։ «Պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ լրացուցիչ խորհրդակցությունների համար»։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, որն ուղեկցում էր իրանական պատվիրակությանը Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցություններում, հայտնել էր, որ դրանք ընթանում են լուրջ մթնոլորտում։ «Պատվիրակությունները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների չեղարկման եւ վստահության ամրապնդման միջոցների շուրջ»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելին, Press TV-ի թղթակիցը բանակցությունների շրջանակում ասել է, որ «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններն ավելի երկար են տեւել, քան նախկինում էր, եւ պարզ չէ՝ արդյունքը կլինի դրական, թե բացասական»:
Բանակցությունների երրորդ փուլն այսօր ներառում էր հանդիպումներ փորձագիտական մակարդակով։


















































































