Երևանի քաղաքապետարանն օրեր առաջ հրապարակել էր «անկախ փորձագետների» կողմից՝ ուղեվարձի սակագնի փոփոխությանը վերաբերող հետազոտության արդյունքները:
Քաղաքապետարանը ստեղծված խնդիրներից դուրս գալու միակ ելքը համարում է սակագնի բարձրացումը, սակայն առկա է նաև այլընտրանքային տարբերակ: Այդպիսի տարբերակ է հասարակական տրանսպորտի տարբեր միջոցների ազգայնացումը, որը հնարավորություն կտա վերգետնյա տրանսպորտը վարձով տալ մի մասնավոր ընկերության և միասնական ուղևորատոմս սահմանել:
Առաջարկված մոդելի վերաբերյալ Armlur-ը պարզաբանոմ ստացավ «Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից, ով ներկայացրեց իր տեսակետը մոդելի վերաբերյալ և հրապարակեց սակագնի վերաբերյալ իր հետազոտության արդյունքները: Բաբկեն Պիպոյանն առաջարկում է միասնական ավտոպարկ, միասնական շարժակազմ, արագ լուծումների պլանների մշակում:
«Այն հնարավորություն կտա կարճ ժամանակում ունենալ այն մոդելը, որն առաջարկում եմ ես՝ երթուղային ցանցի վերանայում, օպտիմալ տրանսպորտային միջոցներ», – նշեց նա:
Ինչպես արդեն նշեցինք, առաջարկվում է նաև վերգետնյա տրանսպորտը վարձով տալ մի մասնավոր ընկերության: Անդրադառնալով այս առաջարկին`Պիպոյանը նշեց. «Բիզնեսը կարելի է տալ մասնավորին, եթե վերջինս այն ավելի լավ է անում, քան պետությունը: Եթե կա ինչ-որ մեկը , որը կարող է ապահովել երթևեկությունը 100 դրամով և մեկն էլ կա, օրինակ, որ կարող է շահագործել 80-ով՝ թող տան այդ կառավարողին», – նշեց նա:
Նշենք, որ շատ փորձագետներ հաշվարկել և հրապարակել են ուղեվարձի սակագնի իրենց տարբերակները, որոնք տատանվում են 80-250 դրամի սահմաններում: Խոսելով այս մասին, Պիպոյանը հայտարարեց, թե 100 դրամով ուղևորափոխադրումներ իրականացնել միանշանակ հնարավոր է: «Անգամ իրենց հաշվարկներով ինքնարժեքը 110 դրամ է կազմում, իսկ նորմալ կառավարման դեպքում 100 դրամը կարող է անգամ գերշահույթ ապահովել, ոչ միայն շահույթ», – հայտարարեց նա:
Նաիրա Հովհաննիսյան