ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։
Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում անցկացնել Սուրբ Պետրոսի տաճարում, որը տեւել է մոտ 15 րոպե, հայտնում է գործակալությունը։
Իր հերթին, Sky News-ը հայտնել էր, որ Թրամփն ու Զելենսկին պայմանավորվել են շարունակել բանակցությունները արարողությունից հետո։
Այսօր առավոտյան տարածված տեղեկատվության համաձայն՝ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելուց հետո պետք է հանդիպեր նաև Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետներ Քիր Սթարմերի և Ջորջիա Մելոնիի հետ։





























