Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։
«Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», -ասվում է Չիգի պալատի հայտարարության մեջ:
Իտալիայի վարչապետն ընդգծել է անհապաղ և անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից խաղաղ գործընթաց սկսելու կոնկրետ պարտավորություններ ստանձնելու անհրաժեշտությունը։
«Վարչապետը ողջունել է Ուկրաինայի լիակատար պատրաստակամությունը անհապաղ հրադադարի համար: Այժմ ակնկալվում է, որ Ռուսաստանը նույնպես կոնկրետ դրսևորում է իր պատրաստակամությունը խաղաղության համար»,-հավելել է Նախարարների խորհուրդը:





























