Առնվազն 28 մարդ է զոհվել, 800-ը՝ վիրավորվել Իրանի նավահանգիստներից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, հայտնում են Իրանի իշխանությունները։
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Շահիդ Ռաջայիում՝ երկրի ամենամեծ առևտրային նավահանգստում, հարավային Բանդար Աբբաս քաղաքի մոտակայքում:
Հզոր պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակա շենքերի պատուհաններն ու տանիքները, վնասվել ավտոմեքենաներ։ Բնակիչները հայտնել են, որ պայթյունի ազդեցությունը զգացել են մինչև 50 կմ (31 մղոն) հեռավորության վրա: Վեց մարդ մնում է անհայտ կորած, հայտնում են պետական լրատվամիջոցները։
Օդային կադրերը ցույց են տվել, որ առնվազն երեք տարածք է այրվել, և Իրանի ներքին գործերի նախարարը ավելի ուշ հաստատել է, որ կրակը տարածվել է մի կոնտեյներից մյուսը: Տարածաշրջանի դպրոցներն ու գրասենյակները փակ են մնացել նաև կիրակի օրը:
Ռազմածովային փորձագետներից մեկը հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, տուժած բեռնարկղերը պարունակել են պինդ վառելիք՝ նախատեսված բալիստիկ հրթիռների համար:
Financial Times թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանից Իրան վառելիք են առաքվել երկու նավերի միջոցով։
Պետական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, ասել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրդեհ է բռնկվել և տարածվել «դյուրավառ նյութեր» պահող չփակված տարաների մեջ: Շահիդ Ռաջայի նավահանգիստը Իրանի ամենամեծ և առաջադեմ տերմինալն է, որով անցնում է երկրի ծովային բեռների մեծ մասը:
Իրանի նավթի արդյունահանման ազգային ընկերությունը հայտարարել է, որ նավահանգստում տեղի ունեցած պայթյունը «կապ չունի» երկրի նավթավերամշակման գործարանների, վառելիքի տանկերի և խողովակաշարերի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր «խորին ափսոսանքն ու կարեկցանքն» է հայտնել զոհերի համար։ Նա հայտարարել է կառավարական հետաքննություն անցկացնելու մասին և ՆԳ նախարարին ուղարկել է տարածաշրջան՝ այն ղեկավարելու։
Մանրամասները՝ տեսանյութում։


























