2025 թվականի ապրիլի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Նժդեհի հետնորդներ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել մեր հերոսների ծնողների և հարազատների նախաձեռնությամբ՝ հավերժացնելով նրանց անմար հիշատակը։
«Նժդեհի հետնորդներ» գիրքը նվիրված է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Կապանի դիրքերում հերոսացած զինվորներին։ Գրքում պատմվում է 37 անմահացած հայորդիների կյանքի և սխրանքների մասին։ Սա պարզապես պատմություն չէ, այլ հոգեհույզ հիշատակում նրանց մասին, ովքեր իրենց արյամբ պաշտպանեցին հայրենի հողը։ Գրքի խմբագիրն է Անի Կարապետյանը, իսկ համախմբագրությամբ և համակարգչային ձևավորմամբ զբաղվել է Լուսինե Եղիազարյանը։

Շնորհանդեսին ներկա էին հերոսների ծնողները, հարազատները, զինակից ընկերներն ու բազմաթիվ հյուրեր։ Մթնոլորտը լցված էր հպարտությամբ, ցավով և շնորհակալությամբ՝ նրանց նկատմամբ, ովքեր անմահացան հանուն հայրենիքի։

«Նժդեհի հետնորդներ» գիրքը գրված է Նժդեհյան ոգով. ինչպես Գարեգին Նժդեհը սիրեց և ապրեց հանուն Սյունիքի, այնպես էլ այսօրվա հերոսները հավատարմորեն քայլեցին նրա ճանապարհով՝ իրենց կյանքը նվիրելով սրբազան հայրենիքին։
Գիրք, որ հիշողության մեջ հավերժացնում է սեպտեմբերյան հերոսներին, ովքեր Նժդեհի ոգով ամրացրին Սյունիքի բարձունքները իրենց արյամբ։

Էմմա Միքայելյան




















































































