Այսօր մամուլի դիտակետում հայտնված Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օրերս նշում էր ծննդյան տարեդարձը։ Հունվարի 21-ին Պապիկյանը մի շարք արժանիքների համար ստացել է թանկարժեք նվեր։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Սուրեն Պապիկյանը թանկարժեք նվեր է ստացել և հանձնել է պետությանը։
Իսկ ով է նվիրողը և ինչ է նվիրել
Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ժամանակավոր ղեկավար Էդիկ Հակոբյանը 170 հազար դրամ արժողությամբ ժամացույց է նվիրել Պապիկյանին։ Նվերը ստանալու հանգամանքը եղել է «Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրված ավանդի, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցություն ապահովվելու համար, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմակերպման 33-ամյակի առթիվ պարգևատրումը»։ Ժամացույցի տեխնիկական բնութագիրը հետևյալն է․
«ԳՆՈՄՈՆ» ապրանքանիշի ձեռքի արծաթյա, ոսկեզօծ ժամացույց, արծաթյա 925 հարգի 25-26 գրամ, ոսկեպատում բարձր որակի ոսկով, ոչ պակաս 3 մկմ, գոտին բնական կաշի, կարմիր տուփով։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.
- պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
- ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
- կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
- օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։
40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։
Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան

























































































