Ինչ է տեղի ունենում իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը:

Այս պահին Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին է ներկայացնում ՀՀ ապագա վարչապետի մասին իր պատկերացումները, որից հետո արդեն ՀՀԿ-ն կանի ընդլայնված նիստ: Գրասենյակում կհավաքվեն ՀՀԿ խորհրդի հարյուրին հասնող անդամները՝ արդեն տեղեկանալու, թե ինչ որոշում է կայացրել կուսակցության բարձրագույն մարմինը:

armlur.am-ը փորձեց ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստին շտապող ՀՀԿ-ականներից պարզել՝ ինչ է իրենց հայտնի Հայաստանի 13-րդ վարչապետի մասին:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, թե նոր վարչապետը լինելու է ժողովրդի սրտով՝ խորհուրդ տալով անհամբեր լրագրողներին սպասել երկու ժամ:

ՀՀԿ-ականների գերակշիռ մասը մնում է այն կարծիքին, որ այնուամենայնիվ, վարչապետը կլինի ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը:

armlur.am-ի հետ ոչ պաշտոնական զրույցների ժամանակ շատ ՀՀԿ-ականներ էլ պնդում էին, որ ԲՀԿ-ն իրեն լավ չի պահում, ուստի Հ. Աբրահամյանը չի լինելու վարչապետ:

Նրանց կարծիքով Մոսկվայից Հայաստան եկած Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է լինելու մեր ապագա վարչապետը: Կուսակցականներ էլ կային, որոնք պնդում էին, թե երիտասարդներն ուզում են Լոնդոնից Արմեն Սարգսյանը գա՝ ՀՀ դեսպանը` նա ամենալավ թեկնածուն է:

Իսկ թե ով կլինի ՀՀ 13-րդ վարչապետը` դեռ իշխող կուսակցությունում հաստատ չգիտեն: Նրանք հավաքվել են իբրև թե քննարկելու այդ հարցը, մինչդեռ իրականում Սերժ Սարգսյանն ինքն է որոշել ու պարզապես այսօր հավաքել է բոլորին՝ այդ մասին տեղեկացնելու: Կուսակիցները առարկելու, ձայն հանելու իրավունք էլ չունեն:

Հիշեցնենք, որ ՀՀ 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանկարծակի հրաժարական տվեց՝ տպավորությամբ, թե ինքն էլ անձամբ չգիտեր, որ պիտի հրաժարական տար:

Արփինե Այվազյան




Լրահոս