«Արշավն արևների»-ն իմ լույսի ուղուն նվիրված առաջին գիրքն արդեն տպագրված է։ Ծնվել եմ Վարդենիսի Ջաղացաձոր գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ավարտել ՀՊՄՀ-ն, կառավարում մասնագիտությամբ։ Ստեղծագործում եմ մանկուց՝ գրելով այն, ինչ զգում եմ խորապես։ «Արշավն արևների» -ն այն հաջողած պայքարն է, որը մղվել է մթությանն ընդեմ պոեզիայի լեզվով։
Այստեղ խոսում է հոգիս՝ հայրենիքից մինչև ներսերի փնտրտուքներ։ Հեղինակել եմ նաև երգեր, այդ թվում՝ Քրիստինե Պեպելյանի կատարմամբ «Կյանքդ գնով»-ստեղծագործությունը։
Շնորհակալ եմ ընթերցողիս՝ արևների այս արշավում ինձ հետ լինելու համար։
Վիկտորիա Օսիպի Խաչատուրյան
Հաղթանակները հեռու չեն արդեն,
Նրանք պարտության պատե՛րն են ճեղքում,
Նրանք բարձունքի քամով են արբել.
Եվ վայրեջքների ուղին են հերքում։
Հաղթության օրը մեզ մոտ է այնքա՜ն,
Որ զգում եմ անգամ շշուկը նրա,
Նա իմ ծնկաչոք աղաչանքներում՝
Դարմա՛ն է հյուսում մեր վերքի վրա։
Հաղթանակները մեր մեջ են հիմա,
Եվ արևամոտ գալիքն են հարթում,
Ես իմ ապագա լուսէ օրերում՝
Արդե՛ն հաղթության գրքերն եմ կարդում։
2021.թ

























