Իրավական գործընթացներում ներգրավված քաղաքացիների մոտ հաճախ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ կապված իրենց իրավունքների և դատավարական ընթացակարգերի հետ։
Armlur.am-ը դատական գործընթացների վերաբերյալ հարցեր է ստացել քաղաքացի Մհեր Մկոյանից։
Armlur.am-ի հետ զրույցում այդ հարցերին պատասխանել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ պարզաբանելով, թե երբ և ինչ պայմաններում կարող է անցկացվել փակ դատավարություն:
Ստորև ներկայացված է հարցուպատասխանը։
1.Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է տեղի ունենում այսպես կոչված փակ դատավարությունը, այսինքն` երբ ամբաստանյալի հարազատներին չի թույլատրվում մասնակցել դատական նիստին, և արդյո՞ք նրանք իրավունք ունեն բողոքարկելու:
Դատական վարույթի հրապարակայնության քրեադատավարական կանոնի համաձայն, դատական նիստերը անցկացվում են դռնբաց եղանակով, բայց օրենքը նախատեսում է նաև դատական նիստերը դռնփակ անցկացնելու դեպքեր։ Կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ դռնփակ են անցկացվում այնպիսի դատական նիստերը, որոնք վերաբերում են անձի մասնավոր կյանքին, անչափահասներին վերաբերող գործերով, ինչպես նաև հասարակական կարգի կամ բարոյական պահպանության կարևորագույն նպատակներից ելնելով։
Ինչ վերաբերում է ամբաստանյալի հարազատների կողմից դռնփակ դատական նիստը բողոքարկելու ընթացակարգին, ապա, որպես այդպիսին, նման բողոքարկման ընթացակարգ գոյություն չունի, սակայն, եթե դատարանը թույլատրի, վարույթի մասնակիցների հետ մեկտեղ կարող են այլ անձինք մասնակցել դռնփակ դատական նիստին։ Դրա համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել դատարանին և խնդրել դռնփակ անցկացվող դատական նիստին թույլատրել նաև իրենց մասնակցությունը։ Դատարանը, առաջնորդվելով օրենքով, լսելու է վարույթի մասնակիցների կարծիքը, և կթույլատրի, թե ոչ՝ այդ հարցի կարգավորումը բացառապես դատարանի իրավասության ներքո է։
Անի Վարդանյան


























































































