Armenian text to speach

ՍԴ որոշումը դրական կանդրադառնա ներկայումս քննվող, արդեն իսկ քննված և վերջնական վճիռ կայացված գործերի վրա․ հարցազրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մասով Սահմանադրական դատարանի որոշման մասին զրուցել ենք «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Սառա Վանդունցի հետ։

 -«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի մասով Սահմանադրական դատարանի որոշումը ինչպե՞ս է ազդելու այժմ քննվող գործերի վրա։

-Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումը, տարընկալումների տեղիք տալով հանդերձ, միաժամանակ դրականորեն կանդրադառնա ներկայումս քննվող,  արդեն իսկ քննված և վերջնական վճիռ կայացված գործերի վրա։

Այսպես ՝ ՍԴ-ն, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, այն հիմնավորեց ինչպես միջազգային պրակտիկայով, այնպես էլ Կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարով։ Միաժամանակ, ՍԴ-ն իր որոշման եզրափակիչ մասում առանձնացրեց ուսումնասիրություն սկսելու հիմքերը։ Վերջինս նշեց, որ այն դեպքում, երբ դատախազությունը ուսումնասիրություն է սկսում՝ հիմքում դնելով ենթադրյալ հանցագործություն կատարելու հանգամանքը, ապա ապօրինի գույքի բռնագանձումը հնարավոր է միայն այն գույքի նկատմամբ, որը կապված է հանցագործության հետ։

ՍԴ-ի այս դիրքորոշումը անկասկած դրական է անդրադառնալու քննվող քաղաքացիական գործերի նկատմամբ, քանի որ պրակտիկայում Դատախազության կողմից քրեական գործի հետ փոխկապակցված հիմքով բազմաթիվ ուսումնասիրություններ են սկսվել, ներկայացվել են բազմաթիվ պահանջներ, որոնք ներառել են ավելի վաղ ձեռք բերված գույքի բռնագանձման հետ կապված իրավահարաբերություններ, քան ենթադրյալ հանցագործության կատարելու ժամանակը։ ՍԴ-ի այս որոշումը հիմք է հանդիսանալու, որպեսզի իմ կողմից նշված այդ պահանջների ծավալը կամ հենց Դատախազության տնօրինչականության իրացման արդյունքում նվազեցվի կամ էլ հակառակ պարագայում Դատարանի կողմից մերժվի։

Ինչ վերաբերում է օպերատիվ հետախուզական միջոցառումների հիման վրա սկսված ուսումնասիրությանը, ապա պաշտոնատար անձանց հետ կապված ուսումնասիրություններով, ՍԴ-ն այն ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող՝ նշված հանգամանքը պայմանավորելով նույնպես Կուռուպցիայի և հանցավորության դեմ պայքարով և այն հանգամանքով, որ խոսքը վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող սուբյեկտներին և պաշտոնը զբաղեցնելուց հետո ձեռք բերված ենթադրյալ ապօրինի գույքին։ Վերջինս այս մասով արդարացրեց Դատախազությանը տրված լայն լիազորությունը՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելով պաշտոնատար անձանց մասով ուսումնասիրությունը ՕՀՄ-ի միջոցով սկսելու հնարավորությանը։

Նշված երկու հիմքերի համատեղ վերլուծության արդյունքում կարող ենք եզրահանգել, որ այն դեպքում, երբ Դատախազությունը ուսումնասիրությունը սկսում է պաշտոնատար անձանց նկատմամբ՝ միաժամանակ հիմքում դնելով ենթադրյալ հանցագործություն կատարելու հանգամանքը, ապա վերջինս կարող է միայն ներկայացնել տվյալ հանցագործության հետ կապված ապօրինի գույքի բռնագանձման մասին պահանջ՝ անկախ պաշտոնավարումը սկսելու ժամանակահատվածից։

ՍԴ-ի որոշումը ըստ էության կարգավորեց նաև վիճելի օրենքի «հետադարձության», այն է՝ Դատախազությանը տրված ավելի քան 30 տարվա կտրվածքով ուսումնասիրություն կատարելու և ապօրինի գույքի բռնագանձման  պահանջ ներկայացնելու լիազորության հարցին, արձանագրելով, որ հետադարձությունը նույնպես համապատասխանում է Սահմանադրությանը։ Վերջինս նշեց, ոչ օրինական հիմքով ձեռք բերված՝

օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքը որպես այդպիսին առաջացել է մինչև Օրենքի ընդունումը, սակայն այդ կարգավիճակը  շարունակվելու է այդպիսին հանդիսանալ  նաև Օրենքի ընդունումից հետո: Վերոգրյալի հիմնավորմամբ  և նաև այն հանգամանքով, որ ապօրինի գույքը երբեք չի եղել սահմանադրական պաշտպանության ներքո, ՍԴ-ն եզրակացրեց, որ  Օրենքը, միջամտելով թեև նախկինում սկսված, սակայն դրա ընդունումից հետո շարունակվող և առկա դրությանը, Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հետադարձ գործողության հատկանիշ չունի:

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելով նշված հետադարձությունը, այնուամենայնիվ այդպես էլ ըստ էության չանդրադարձավ այն հանգամանքին, որ նշված երկար ժամանակահատվածը դժվարեցնելու է պատասխանողի համար իր գույքի օրինականությունն ապացուցելու գործընթացը, ընդհուպ մինչև նրան զրկելով նշված հնարավորությունից։

Վերջինս այս կապակցությամբ ընդամենը նշեց, որ այս իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգքրի կանոնները ապացուցման գործընթացի հետ կապված։

Սա իհարկե դժվարություններ  է առաջացրել և դեռևս իհարկե կշարունակի առաջացնել  պրակտիկայում  կապված գույքի օրինականության ապացուցման գործընթացում վերաբերելի և կոնկրետ փաստի ապացուցման համար պահանջվող ապացույցներ ներկայացնելու հարաբերություններում։

ՍԴ-ն այս համատեքստում ընդհանրապես չանդրադարձավ տնտեսական տրանսֆորմացիաներին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից ի վեր, և որոնք կրել են մասսայական բնույթ, այդ թվում՝ լայնածավալ մասնավորեցման գործընթացին, գործարքների իրավական ձևի, դրանց փաստաթղթավորման հետ կապված առանձնահատկություններին։

Վերջինս այս մասով ընդամենը նշեց, որ այս հարցը չի գտնվում իր սահմանադրական վերահսկողության ներքո՝ այս հարցի լուծումը ըստ էության թողնելով դատարանների քննությանը։

Այնուհանդերձ պետք է նշել, որ որոշման մեջ առկա հակասությունների և բացերի հաշվառմամբ հանդերձ այն ներկա դրությամբ որոշ չափով կմեղմացնի ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված առկա իրավիճակը։

 -Արդյոք մինչև «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի մասով Սահմանադրական դատարանի որոշումը, ՀՀ դատախազության կողմից ներկայացված բոլոր պահանջները դատապարտվա՞ծ են եղել բավարարման։

-Այս հարցի հետ կապված պետք է նշել, որ ինչքան էլ, որ նշված որոշումը դրական կանդրադառնա քննվող հակակոռուպցիոն  քաղաքացիական գործերի վրա, ասել, որ միանշանակ մինչ այդ բոլոր գործերը դատապարտված են  եղել Պատասխանողի համար բացասական ելքով ավարտի՝ սխալ կլինի։

Ցանկացած դեպքում հաշվի առնելով Դատախազության կողմից ներկայացված պահանջների օրինականությունը, հիմնավորվածությունը և նաև ընթացակարգային նորմերի պահպանումը, դատավարության ընթացքում, մրցակցության սկզբունքի պահպանմամբ Պատասխանողի կողմից ճիշտ մարտավարություն ընտրելու արդյունքում իհարկե եղել են նաև դրական ելքեր։ Դատախազության կողմից ապօրինի գույքի հետ կապված շատ պահանջներ արդարացիորեն  մերժվել են առաջին ատյանի դատարանների կողմից։

Այսպես ՀՀ Գերագույն խորհրդի (1990-95թթ․) եւ Ազգային ժողովի (1995- 1999թթ․) նախկին պատգամավոր Վազգեն Պողոսյանի գործով Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացրել է վճիռ, որով մերժել է Դատախազության կողմից ներկայացված որոշակի ենթադրյալ ապօրինի գույքերի բռնագանձման պահանջը։ Նշված դատական ակտի  արդյունքում մերժվել է թվով 3 ընկերություններում, վերջինիս 100 տոկոսով պատկանող բաժնետոմսերն բռնագանձելու պահանջն ամբողջությամբ, 178.075.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջը ամբողջությամբ, 23,250,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով տրանսպորտային միջոցը բռնագանձելու վերաբերյալ պահանջը ինչպես նաև 30.011.241 ՀՀ դրամի և 6.482.312 ՀՀ դրամի չափով  գումարի բռնագանձման պահանջները։

Նշեմ, որ նշված գործի շրջանակներում Պատասխանողի շահերի պաշտպանությամբ զբաղվել է «Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական գրասենյակը։




Լրահոս