Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։
Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
«Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում բեն Մուբարաքի հայտարարության մեջ։
Նա իր հրաժարականի որոշումը բացատրել է «սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարությունում վերադասավորումներ իրականացնելու անկարողությամբ»։ Բեն Մուբարաքն ընդգծել է, որ իր աշխատանքում բախվել է բազմաթիվ դժվարությունների։
Եմենի «Al Masdar Online» հրատարակության համաձայն՝ բեն Մուբարաքի հրաժարականի պատճառ են դարձել երկրի կառավարության ներսում առկա տարաձայնությունները։ Նշվում է, որ Եմենի կաբինետի վերջին նիստը տեղի է ունեցել դեռ 2024 թվականի նոյեմբերին։
























