Ամերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով դաշինքի դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հաագայի գագաթնաժողովում Թրամփին կառաջարկի ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը ներկայիս 2%-ից ՀՆԱ-ի 5%-ի հասցնելու «երկու փուլային ծրագիր»:
Եթե ծրագիրն ընդունվի ԱՄՆ-ի կողմից և այնուհետև հաստատվի հունիսի վերջին կայանալիք գագաթնաժողովում, այն կդառնա դաշինքի երկրների նոր թիրախը՝ փոխարինելով ներկայիս 2%-ին։





























