Ճապոնիայի ներքին գործերի և կապի նախարարության հաշվետվության համաձայն՝ ապրիլի սկզբի դրությամբ երկրում մինչև 15 տարեկան 13,66 միլիոն երեխա կա: Սա 350,000-ով պակաս է նախորդ տարվա համեմատ և ռեկորդային ցածր ցուցանիշ է վիճակագրությունը վարելու ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ 1950 թվականից սկսած, գրում է kommersant.ru-ն։
Երկրում մանուկների թիվը նվազում է արդեն 44 տարի անընդմեջ։ Երեխաները ներկայումս կազմում են Ճապոնիայի բնակչության միայն 11,1%-ը։ Համեմատության համար նշենք, որ 1950 թվականին այս ցուցանիշը կազմում էր 35,4%, իսկ 1970 թվականին այն 23,9% էր։ 1975 թվականից սկսած մանուկների թվի համամասնությունը շարունակաբար նվազում է։
Նախարարությունը նշում է, որ մինչև 15 տարեկան տղաների թիվը կազմում է 6,99 մլն, իսկ աղջիկմներինը՝ 6,66 մլն։ Երեխաների ամենամեծ թիվը 12-14 տարիքային խմբում է՝ 3,14 միլիոն, կամ ընդհանուր բնակչության 2,5%-ը։ Ամենափոքր թիվը մինչև 2 տարեկան երեխաներն են՝ 2,22 մլն, կամ երկրի բնակչության 1,8%-ը։
Ճապոնիան, ինչպես ասիական շատ երկրներ, ներառյալ Չինաստանը և Հարավային Կորեան, ապրում է ծնելիության ճգնաժամ: Երկրում ծնելիության մակարդակը կամ ցուցանիշը, թե միջինում քանի երեխա կունենա կինն իր վերարտադրողական կյանքում, վերջին տարիներին մնացել է 1,3-ի վրա:
Մինչդեռ բնակչության թիվը պահպանելու համար այն պետք է լինի 2,1 մակարդակի վրա։ 2024 թվականին Ճապոնիայում մահացությունների թիվը՝ 1,62 միլիոն, կրկնակի գերազանցել է ծնունդների թիվը։






























