Բաքուն չորեքշաբթի օրը իր համերաշխությունն է հայտնել Պակիստանին՝ Հնդկաստանի կողմից հասցված հարվածներից հետո։
«Ադրբեջանի Հանրապետությունը մտահոգություն է հայտնում Հնդկաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև լարվածության հետագա սրման կապակցությամբ», – ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը դատապարտում է Պակիստանի դեմ ռազմական հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչներ։
«Համերաշխություն հայտնելով Պակիստանի ժողովրդին՝ մենք ցավակցություն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և կարգավորել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով», – հավելել է նախարարությունը։
Անի Վարդանյան






























