Այսօր ռուսական դասական երաժշտության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ և երաժշտական քննադատ Պյոտր Իլյիչ Չայկովսկու ծննդյան օրն է։
Նրա երաժշտությունը հայտնի է իր էմոցիոնալ խորությամբ, գեղեցիկ մեղեդայնությամբ ու դրամատիկ ուժով։
Չայկովսկու երաժշտությունը մինչ օրս հուզում և ներշնչում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։
ArmLur.am-ը ներկայացնում է Չայկովսկու կյանքի մասին։
Այսպիսով, ինչպես արդեն նշեցինք՝ այսօր կոմպոզիտոր Չայկովսկու ծննդյան օրն է։ Լինելով ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտոր՝ Չայկովսկու մի քանի ստեղծագործություններ դասական երաժշտության ամենահայտնի գործերի շարքին են դասվում։ Դրանք ինչպես ռուսական, այնպես էլ համաշխարհային երաժշտական արվեստի չգերազանցված բարձունքներից են։
Չայկովսկին առաջին ռուս կոմպոզիտորն էր, ում երաժշտությունը միջազգային ճանաչում ստացավ Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ հատկապես իր դիրիժորության ժամանակ։
Իր ստեղծագործություններում Չայկովսկին բազմակողմանիորեն արտացոլել է անցյալ դարի երկրորդ կեսի ռուսական կյանքի տարբեր կողմերը, վարպետությամբ բացահայտել է հասարակ մարդու հուզաշխարհը, նրա ապրումներն ու ձգտումը դեպի երջանկությունը։ Սա գուցե վկայում է այն մասին, որ իր ազգի մասին նա մշտապես մտածել է և անուշադրության չի մատնել։
Նշենք, որ Չայկովսկու երաժշտական ստեղծագործության ժառանգությունը բազմաժանր է։
Հետաքրքիրն այն է, որ չնայած Չայկովսկին երաժշտական հզոր զարգացվածություն է ունեցել, այնուամենայնիվ նա կրթություն է ստացել պետական ծառայության աշխատանքի համար։ Այդ ժամանակ Ռուսաստանում երաժշտական կարիերայի համար շատ քիչ հնարավորություն կար և բացի այդ հանրային երաժշտական կրթություն ստանալու համակարգ չկար։ Երբ հնարավորություն եղավ երաժշտական կրթություն ստանալու, նա ընդունվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որն ավարտեց 1865 թվականին։
Չայկովսկու երաժշտության գլխավոր առանձնահատկություններից մեկը նրա մեղեդայնությունն է։ Լայնահուն և արտահայտիչ մեղեդիները հնչում են ոչ միայն նրա վոկալ ստեղծագործություններում, այլև նրա գործիքային ստեղծագործություներում։ Կոմպոզիտորն իր ստեղծագործություններում լայնորոն օգտագործել է ռուսական ժողովրդական երգը։
Չնայած իր բազմաթիվ հայտնի հաջողություններին՝ Չայկովսկու անձնական կյանքը լի էր ճգնաժամերով և դեպրեսիաներով, որոնք ազդել են նրա հոգեվիճակի վրա։ Մորից հեռու, գիշերօթիկ դպրոցում սովորելը, այնուհետև մոր վաղաժամ մահը խոլերայից 1854 թվականին, մտերիմ ընկերոջ և կոլեգայի՝ Նիկոլայ Ռուբինշտեյնի մահը, երբ ինքն ընդամենը 14 տարեկան էր, կնոջից բաժանումը և մեծ տարիքում՝ տասներեք տարվա բարեկամական հարաբերությունների խզումը հարուստ այրու՝ Նադեժդա ֆոն Մեկքի հետ, նրա խորը դեպրեսիաների պատճառներն են եղել։
Չայկովսկու հանկարծակի մահը՝ 53 տարեկան հասակում, ենթադրվում է, որ խոլերայով հիվանդանալն է եղել։ Սակայն կա մի վարկած, որ կոմպոզիտորն ինքնասպան է եղել։
Չայկովսկին հեղինակ է ավելի քան 80 ստեղծագործության, այդ թվում՝ 7 սիմֆոնիայի, 12 օպերայի և 3 բալետի։
Աննա Սրապիոնյան
























