Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության վերաբերյալ ԱԺ-ում ունեցած իր ելույթում Աննա Վարդապետյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել՝ հաշվի առնելով նախաքննության շահերը։
«Դա արված չէ որպես բացթողում, դա արված է հենց քննության շահերից ելնելով»,-ասաց գլխավոր դատախազը՝ շեշտելով, որ այս փուլում որևէ բովանդակային հարցի չի պատասխանելու՝ քննչական գործողություններին չվնասելու նպատակով։
Նրա խոսքով՝ կիսատ տեղեկատվության հրապարակումը կարող է վտանգել քննության արդյունավետությունը՝ ստեղծելով պայմաններ, երբ գործով անցնող անձինք կփորձեն խուսափել հետապնդումից։
«Հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ հնարավոր զարգացում կարող է գործն ունենալ, և անձինք ուղղակի անհայտանում են Հայաստանի Հանրապետությունից։ Մենք չենք կարողանում նրանց նկատմամբ հետապնդում իրականացնել, դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են», -նշեց Վարդապետյանը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակում, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:
Հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ զոհված, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:





























