Armenian text to speach

Գերմանացի գրող Շիլլերն ու հայ անվանի գրողները․ ովքեր են եղել ոգեշնչման աղբյուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արտասահմանյան գրականությունը գերել է շատ ընթերցողների սրտեր, քանի որ ինչքան տպավորիչ է, նույնքան էլ ազդեցիկ։

ArmLur.am-ն այսօր ներկայացնում է գերմանական գրականության ամենանշանավոր և ազդեցիկ դեմքերից մեկի՝ բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և պատմաբան Ֆրիդրիխ Շիլլերի կյանքի մասին։

Շիլլերը համարվում է գերմանական կլասիցիզմի և վայմարյան դասական դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի հետ։

Դեռ մանուկ հասակից Շիլլերը շատ մեծ հետաքրքրությամբ լսում էր հին ասքերն ու առասպելները, ինչպես նաև հատվածներ Աստվածաշնչից, որոնք սիրով նրա համար կարդում էր նրա մայրը։

Շիլլերը նողկանքով է հիշել դպրոցը և այն ամենն ինչ կապված է եղել դպրոցի հետ։ Նողկանքի ու սարսափի զգացումով էլ հիշելով դպրոցում անցկացրած մռայլ տարիները՝ նա հետագայում գրել է․ «Անսիրտ, անհոգի դաստիարակությունը կաշկանդել էր ձևավորվող զգացմունքներիս գեղեցիկ հուզմունքը»։

Եվ չնայած նողկանքին ու սարսափի զգացմանը, Շիլլերը ակադեմիայում սովորել է։

Շիլլերին հաջողվում է գաղտնի ուսումնասիրել Լայբնիցի, Վոլֆի, Հելվեցիուսի, Հոլբախի, Ջոն Լոքի և այլ փիլիսոփաների աշխատությունները՝ չնայած դպրոցում տիրող դաժան, պարզապես ինկվիզիցիոն կարգերին, լրտեսության։ Այստեղ նա առաջին անգամ ծանոթանում է նաև Լեսինգի, Գյոթեի, «գրոհ և փոթորիկ» գրական շարժման հեղինակների ստեղծագործություններին։

Շիլլերն իր դրամատիկական և քնարական առաջին ստեղծագործություններով «Գրոհի և փոթորկի» շարժմանը տվել է հասարակականորեն առավել գործուն բնույթ։ 1783-1787 թվականներին աշխատել է ստեղծագործական նոր փուլ նշանավորող «Դոն Կառլոս» դրամայի վրա, որի հերոս մարկիզ Պոզան երազում է «լավագույն պետության» մասին, որտեղ մարդասեր ու բարի թագավորների կամքով կհաղթանակի արդարադատությունը։

Շիլլերի ստեղծագործությունը հարուստ է ու բազմաժանր։ Նրա քնարերգությունից նշանավոր են «Իդեալներ», «Զանգի երգը», «Երգի իշխանությունը», «Լծված Պեգասը», «Իդեալն ու կյանքը» բանաստեղծությունները, «Զեռնոցը», «Իբիկոսի կռունկները» բալլադները։ Նրա պոեզիային բնորոշ են վսեմ պատկերավորությունն ու լավատեսությունը։

Հայ իրականության մեջ Շիլլերի ստեղծագործությունն առաջինը քննարկել է Ս. Տիգրանյանը և իր թարգմանած «Գոթողիա» ողբերգության առաջաբանում («Յաղագս ողբերգութեան», 1834)։ Նրա ստեղծագործությանն անդրադարձել են Ս. Ոսկանը, Մեսրոպ Թաղիադյանը, Ս. Նազարյանը, Միքայել Նալբանդյանը, Պետրոս Դուրյանը, Ռաֆայել Պատկանյանը, Րաֆֆին, Տ. Նազարյանը, Ս. Թառայանցը և այլք։

Հետաքրքրական է, որ Շիլլերի առաջին թարգմանողը հայազգի նշանավոր և մեծանուն գրող Խաչատուր Աբովյանն է, և ի դեպ Աբովյանի ստեղծագործության վրա ակներև է գերմանացի բանաստեղծի ազդեցությունը։

Շիլլերը ծանոթ է եղել հայ ժողովրդի պատմությանը, նրա «Ոգետես» վեպի գլխավոր հերոսի անունը Հայ է։

Աննա Սրապիոնյան




Լրահոս