Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է հարկային ստուգումների իրականացման նոր կարգը, ըստ որի՝ հունվարի 1-ից ստուգումներն իրականացվելու են բացառապես ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության ավտոմատ համակարգի միջոցով, որը թույլ կտա ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ եւ ռիսկային չափանիշների հիման վրա` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը եւ մարդկային գործոնի ազդեցությունն այդ գործընթացի վրա:
Այսինքն՝ ՊԵԿ-ը հայտարարում է, որ այսուհետ հարկայինը, ասենք, նախագահականից արված մի զանգով չի չոքելու տնտեսվարողի դռան առջեւ: Նման հեռանկարն, իհարկե, հայրենի հարկային մարմինների հետ գոնե մեկ անգամ առնչված ցանկացած մեկի մոտ քմծիծաղ կառաջացնի: Սա վարչապետ Տիգրան Սարգսյանի խմբագրմամբ «Գյուլնազ տատի» հերթական հեքիաթն է` առաջիկա ընտրություններն աննախադեպ թափանցիկ անցկացնելու, բիզնեսն ու պետական ապարատը տարանջատելու եւ նման այլ հեքիաթների շարքից: Սակայն մի կողմ դնելով կանխատրամադրվածությունը, անդրադառնանք ՊԵԿ կայքում հրապարակված ցանկին, ըստ որի՝ հաջորդ տարի հարկային մարմինը պատրաստվում է ստուգումներ իրականացնել 2386 տնտեսվարող սուբյեկտներում: Եթե համեմատում ենք ՊԵԿ կայքում առկա ստուգման պլանը այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում նախատեսված ստուգումների ներկայացված պլանի հետ, տեսնում ենք, որ իրականում ՊԵԿ-ը գրեթե նույնքան ստուգումներ է իրականացնելու, որքան ներկայումս: Այսպես. ընթացիկ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ստուգման պլանով նախատեսված է 954 ստուգում, ասել է թե` այս նոր մեթոդի դեպքում ՊԵԿ-ը քանակական առումով ստուգումների թիվը կրճատելու է ամսական ընդամենը քառասունով: Բայց փոխարենը միջազգային համապատասխան կառույցների մոտ բարձրացնում է կոռուպցիայի դեմ պայքարող վարչարարի իր իմիջը: Իհարկե, առանձնապես շատ չծավալվելով, քանի որ. «Առավել ակտիվ, բայց տեղին, կիրառվելու են կանխարգելիչ հսկողական գործիքներ` չափագրումներ, հսկիչ գնումներ, կամերալ ուսումնասիրություններ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների, ակցիզային դրոշմանիշերի, ՀԴՄ-ների ստուգումներ: Դրանք այն կանխարգելիչ միջոցառումներն են, որոնք զգոն կպահեն հարկ վճարողներին եւ կմղեն առավել ճշգրիտ ինքնագնահատման ու հարկային պարտավորությունների կատարման»,- համենայնդեպս հարկային ստուգումների կարգի փոփոխության հետ որոշ հույսեր կապած տնտեսվարողներին զգուշացնում է ՊԵԿ-ը: Սակայն ամենազավեշտալին հետեւյալն է. «Կոմիտեն իր առջեւ խնդիր է դրել հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը կազմակերպել ճիշտ պահին եւ առավել արդյունավետ գործիքների կիրառմամբ` հնարավորինս նվազեցնելով անհարկի ներգործությունը»: Այսպիսով, փաստորեն, ՊԵԿ-ն ընդունում է, որ մինչ այդ իր կողմից իրականացված ստուգումները հաճախ անհարկի են եղել:
ՀԱՐԿԻ-ԱՆՀԱՐԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ