Հնդկաստանի բանակը հետ է մղել պակիստանյան անօդաչու թռչող սարքերի և այլ զենքերի հարձակումները սահմանային գոտիներում: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում։
«Մայիսի 9-ին Պակիստանի զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և այլ զինամթերք ամբողջ արևմտյան սահմանի երկայնքով։Անօդաչու թռչող սարքերի հարձակումները արդյունավետորեն հետ են մղվել, և դրանց տրվել է արժանի պատասխան», – հայտնել է Հնդկաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սրվել էր ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո: Հարձակման հետևանքով զոհվել էր 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել էր, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ։ Իսկ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել էր Հնդկաստանի մեղադրանքները՝ կապված Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ։
Անի Վարդանյան
























































































