Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։
«Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ Բայց եթե դուք չպահպանեք հրադադարը, կլինեն լրացուցիչ պատժամիջոցներ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք արդյունքի հասնել»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Նա նաև խոսել է Կիև իր այցի նպատակի մասին այլ եվրոպացի առաջնորդների հետ։
«Մեր նպատակն է ցույց տալ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միասնությունը։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք քննարկումներ սկսել։ Կունենա՞նք արդյոք հստակ հրադադար։ Ես վախենում եմ, որ մենք երբեք չենք կարողանա որևէ բանի մասին հստակ խոսել», – նշել է Մակրոնը։
Կիևում կայանալիք այս հանդիպմանը ԱՄՆ ներկայացուցիչներ չկան։






























