ՈՉ ԴՈԴԱՑՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ վերջին ձերբակալություններով իշխանությունները ԲՀԿ-ի համար զոհի կարգավիճակի պատրանք են ստեղծում: Ավելին, թեեւ վերջին հանրահավաքի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց Կոնգրես-ԲՀԿ համագործակցության մասին, սակայն անձամբ Մակեյանը չի հավատում դրա հավանականությանը:
-ՀՀ հիմնադիր նախագահն ինքն էլ հստակ ասաց, որ Կոնգրեսում իր ելույթի վերաբերյալ չկա կոնսենսուս: Մեր կուսակցությունում այս հարցի վերաբերյալ եղել է քննարկում: Մենք շատ ենք կասկածում, որ ԲՀԿ-ն կթոթափի օլիգարխիայի լուծն ու ազնվորեն՝ հանուն պետության, ժողովրդի շահերի, Կոնգրեսի հետ կհամագործակցի: Պետք չէ իշխանությունը տարանջատել օլիգարխներից:
-Եթե հավանական չէ Կոնգրես-ԲՀԿ համագործակցությունը, ապա ինչո՞ւ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում այդ մասին:
-Տեր-Պետրոսյանն ինքն էլ հստակ ասաց, որ քաղաքագիտական վերլուծություն է ներկայացնում: Ընդ որում, ներկայացնում է վերլուծություն քաղաքական դաշտում գործող ու մեր կամքից անկախ դերակատարում ունեցող ուժի վերաբերյալ: Այնպես որ, այդ վերլուծության մեջ Տեր-Պետրոսյանն իր մոտեցումներն է ներկայացրել:
-Բայց շատերը դա ընդունել են ԲՀԿ-ի հետ համագործակցության ակնարկ:
-Վերլուծության մեջ հստակ ասվեց, որ եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, եթե կտրի կապերը Ռոբերտ Քոչարյանից` այդպես նաեւ խուսափելով մարտի 1-ին նրա թափած արյան պատասխանատվության տակ ընկնելուց, ապա նորմալ է, այդ ժամանակ արդեն հնարավոր է խոսել համագործակցության մասին: Սակայն մեզ մոտ կասկածներ կան, որ ԲՀԿ-ն կապահովի այդ բոլոր «եթե»-ները: Տա Աստված՝ ապահովի:
-Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կոնգրեսի ներսում ԲՀԿ-ի հարցում համաձայնություն չկա: Հնարավո՞ր է` այդ մթնոլորտը, ի վերջո, հանգեցնի պառակտման:
-Չեմ կարծում, որ նման խնդիր կա: Պարզապես իշխանությունները ցանկալին փորձում են ներկայացնել իրականության փոխարեն: Կոնգրեսում նորմալ, հրապարակային քննարկումներ են ընթանում, ինչն էլ ապացուցում է, որ Կոնգրեսի ներսում իրական ժողովրդավարություն է տիրում: Այլապես մենք ինչո՞վ կտարբերվենք իշխանություններից, որտեղ բացակայում է այլակարծությունը:
-Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված «Այլընտրանք» միավորումը` «Իմփիչմենթ» դաշինքը, որի կազմում նաեւ Դուք եք, հայտարարում էր` «ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը», նույնիսկ թռուցիկների վրա Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարներն էին, որոնց վրա խաչ էր քաշած: Հիմա ընդդիմությունը խոսում է ԲՀԿ դերի կարեւորության մասին:
-«Իմփիչմենթ» դաշինքի կազմում նաեւ մեր կուսակցությունն էր, այո՛: Բայց քաղաքականության մեջ երբեք չպետք է ասես` երբեք: Մեր առաջ հիմա կա մեկ գերխնդիր՝ վերականգնել Սահմանադրական կարգը: Եւ ահա այդ խնդրի շուրջ կարելի է ստորադասել անձնական, ներկուսակցական շատ բաներ եւ համախմբվել Սահմանադրական կարգի վերականգնման հարցի շուրջ:
-Այսինքն՝ ԲՀԿ-ի հետ կարելի՞ է համագործակցել այդ խնդրի շուրջ:
-Ես կրկնում եմ՝ եթե ԲՀԿ-ն կարող ա բավարարել Տեր-Պետրոսյանի ելույթում նշված «եթե»-ները, ապա այո՛, հնարավոր է դա: Բայց ինքս կասկածում եմ, որ ԲՀԿ-ն կկարողանա դա անել:
-Չնայած Գագիկ Ծառուկյանն անձամբ չի անդրադարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, սակայն նրա շրջապատից սկսել են որոշ մարդկանց ձերբակալել՝ թմրանյութ պահելու, իրացնելու կասկածանքով: Կարելի է ենթադրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ԲՀԿ նկատմամբ հալածանքների շարք է սկսվել:
-Ես կարծում եմ՝ իշխանությունները փորձում են հիմիկվանից ԲՀԿ-ի համար զոհի կարգավիճակ ստեղծել: Մենք ունենք այն մտավախությունը` կարծես ի դեմս Ծառուկյանի` նոր Արթուր Բաղդասարյան է կերտվում: Մի կողմից թվում է, թե իշխանության կողմից նա զոհ է դառնում` անընդհատ հալածյալի կերպարով: Մյուս կողմից Կոնգրեսի կողմից ընդունվում է որպես լուրջ քաղաքական ուժ: Այս տարիներին ընդդիմադիր ճամբարում նման դեպքեր շատ ենք տեսել, ու հիմա, նախորդ դառը փորձը հաշվի առնելով, նման մտավախություն ենք հայտնում:
-Իսկ հասարակությունը կհավատա՞ այդ դեպքում:
-Չեմ կարող միանշանակ ասել: Հասարակությունը բավական լուրջ դպրոց է անցել: Բայց նաեւ չեմ բացառում՝ ինչ-որ մի շերտ խաբվի դրանից:
-Կարելի՞ է ենթադրել, որ կոնսենսուսի բացակայությունը կհանգեցնի Կոնգրեսի ներսում պառակտման:
-Չեմ կարծում, որ նման խնդիր կա: Պարզապես իշխանությունները ցանկալին փորձում են ներկայացնել իրականության փոխարեն: Կոնգրեսում նորմալ, հրապարակային քննարկումներ են ընթանում, ինչն էլ ապացուցում է, որ Կոնգրեսի ներսում իրական ժողովրդավարություն է տիրում: Այլապես մենք ինչո՞վ կտարբերվենք իշխանություններից, որտեղ բացակայում է այլակարծությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս