PKK-ի լուծարումը՝ քայլ դեպի «ահաբեկչությունից զերծ Թուրքիա». Օմեր Չելիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK)՝ լուծարվելու և զենքերը վայր դնելու որոշումը, Իմրալի բանտում գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչից հետո, կարևոր քայլ է «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» ստեղծելու ուղղությամբ։

Չելիքը նշել է, որ եթե PKK-ի այս որոշումն ամբողջությամբ իրականացվի՝ փակվեն կուսակցության բոլոր ստորաբաժանումներն ու անօրինական կառույցները, ապա դա կդառնա շրջադարձային պահ Թուրքիայի համար։ Նա ընդգծել է, որ գործընթացը վերահսկվելու է պետական մարմինների կողմից, իսկ բոլոր զարգացումները կզեկուցվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Այս քայլը կնպաստի ազգային միասնությանը, ժողովրդավարության խորացմանը և քաղաքական երկխոսության ամրապնդմանը։ Մեր նպատակը ահաբեկչությունից լիովին զերծ Թուրքիա ստեղծելն է, որտեղ հաղթող կլինեն բոլոր քաղաքացիները՝ անկախ էթնիկ, մշակութային կամ դավանանքային պատկանելությունից», — նշել է Չելիքը։

Նա հավելել է, որ «Թուրքիայի դարը», որը հայտարարված է նախագահ Էրդողանի կողմից, կառուցվելու է խաղաղության, միասնականության և ժողովրդավարական արժեքների հիման վրա։

Հիշեցենք, որ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի կողմից՝ որպես մարքսիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող շարժում, որի նպատակն էր քրդական անկախ պետության ստեղծումը Թուրքիայի հարավ-արևելքում։

1984 թվականին PKK-ն սկսեց զինված պայքար Թուրքիայի դեմ, որը հետագայում վերածվեց երկարամյա և արյունալի հակամարտության։ Տասնամյակների ընթացքում կազմակերպությունը մեղադրվել է զինված հարձակումների, ռմբակոծությունների մեջ։

PKK-ն պաշտոնապես ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։
PKK-ն ունի մի շարք ենթակառույցներ և միջազգային մասնաճյուղեր, այդ թվում՝ Սիրիայում գործող YPG-ն (Ժողովրդական պաշտպանական ջոկատներ) և PYD-ն (Ժողովրդավարական միություն կուսակցություն), որոնք Թուրքիան դիտարկում է որպես PKK-ի շարունակություն։

Անի Վարդանյան




Լրահոս