Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հինգշաբթի օրը Ստամբուլում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ վարելու համար։
Նրա գրառումը X-ում հրապարակվել է Դոնալդ Թրամփի այն պահանջից կարճ ժամանակ անց, որ Ուկրաինան համաձայնվի Պուտինի առաջարկին՝ երկու երկրների միջև Թուրքիայում ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ։
«Սպանությունները երկարաձգելու իմաստ չկա։ Եվ ես հինգշաբթի օրը կսպասեմ Պուտինին Թուրքիայում։ Անձամբ ես», – գրել է Զելենսկին։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը բաց է Ռուսաստանի հետ բանակցությունների համար, բայց միայն հրադադարի հաստատումից հետո։
Կիրակի օրը Թրամփը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել, որ Ուկրաինան անմիջապես պետք է համաձայնվի բանակցություններին։ X-ում իր գրառման մեջ Զելենսկին նշել է, որ հույս ունի, որ Ռուսաստանը կհամաձայնվի բանակցություններից առաջ հաստատել հրադադար։
«Մենք սպասում ենք վաղվանից սկսվող լիարժեք և երկարատև հրադադարին՝ դիվանագիտական անհրաժեշտ հիմք ապահովելու համար», – հայտնել է նա։
Իսկ շաբաթ օրը ուշ երեկոյան իր ելույթում Պուտինը հրավիրել էր Ուկրաինային մասնակցել պատերազմի շուրջ «լուրջ բանակցություններ»-ին։ Նա նաև նշել էր, որ չի կարող բացառել այն հնարավորությունը, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ «նոր զինադադարի» շուրջ, սակայն ուղղակիորեն չի անդրադարձել 30-օրյա հրադադարի կոչերին։
Մոսկվան նախկինում հայտարարել էր, որ նախքան Ռուսաստանը կքննարկի հրադադարի հարցը, Արևմուտքը նախ պետք է դադարեցնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ուկրաինայի նախագահը Կիևում հյուրընկալել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Քեյր Սթարմերին, Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցին և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին, ովքեր ավելի ուշ զանգահարել են Թրամփին՝ քննարկելու իրենց ծրագիրը։ Զելենսկու հետ մամուլի ասուլիսում նրանք զգուշացրել են, որ եթե Պուտինը չհամաձայնվի 30-օրյա անվերապահ հրադադարին «օդում, ծովում և ցամաքում», Ռուսաստանի էներգետիկ և բանկային ոլորտների նկատմամբ կկիրառվեն «նոր և զանգվածային» պատժամիջոցներ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Ուկրաինան վերջին անգամ ուղիղ բանակցություններ են անցկացրել 2022 թվականի մարտին Ստամբուլում: Ավելի քան երեք տարի անց երկու կողմերն էլ սկզբունքորեն համաձայնել են վերսկսել բանակցությունները։
Անի Վարդանյան


























































































