Armenian text to speach

Քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2024 թվականին կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որից ավարտվել է 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է. այս մասին ասել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

Մայիսի 13-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ըստ Արթուր Նահապետյանի՝ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 313-ով: Հաշվետու տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 175 հանրային ծառայող:

2024 թվականի ընթացքում կոմիտեում մշակվել են 5 օրենքների նախագծեր:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ այստեղ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել կոմիտեում առկա թափուր հաստիքների, կադրերի ընտրության համար սահմանված չափանիշների, գործերի քննության ընթացքում գործող բալանսավորման եւ փոխզսպման մեխանիզմների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կոռուպցիոն գործերի մի շարք դեպքերի քննությանը, մարտի մեկի իրադարձությունների գործերի բացահայտման ուղղությամբ կատարված քայլերին:

Հաջորդիվ, մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձ է կատարվել կոռուպցիոն բնույթի առերեւույթ հանցագործությունների բացահայտմանը, ինչպես նաեւ հակակոռուպցիոն պայքարի մեխանիզմներին:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հույս է հայտնել, որ քննարկման ընթացքում հնչեցրած կոռուպցիոն բնույթի կամ առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ հարցադրումներին կտրվեն փաստարկված հակադարձումներ: Նա կարեւորել է անմեղության կանխավարկածի պահպանումն ու կոչ արել առաջնորդվել իրավունքի գերակայության սկզբունքով:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության անունից ելույթում անդրադարձել է ելույթների ընթացքում հնչեցրած հարցադրումներին: Անդրադառնալով ընդդիմության այն դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խոսում են հիմնականում ընդդիմությանը վերաբերող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին՝ Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ եղել են մի շարք դեպքեր, երբ հեղափոխությունից հետո պաշտոն զբաղեցնող անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության պաշտոնական լիազորությունների չարաշահման, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հիմքով:

Եզրափակիչ ելույթում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն է հայտնել ծավալված քննարկման, ելույթների եւ հարցադրումների համար՝ անդրադառնալով առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերի:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Այն ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:




Լրահոս