Armenian text to speach

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է դրել հանրային քննարկման` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am)։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Համաձայն այս նախագծի՝ նախարարությունն առաջարկում է համացանցից ջնջել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները / https://www.e-draft.am/projects/8612

Նախագիծը մեծ քննադատության է արժանացել լրագրողական համայնքի կողմից։

Նախ, նախագծով փոխվելու են նախկինում հաճախ օգտագործվող բառերը եւ ավելացել է «հեռացման իրավունքները» տերմինը.

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հերքման եւ պատասխանի իրավունքի» բառերը փոխարինել «հերքման, պատասխանի, հեռացման իրավունքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հերքման, պատասխանի, հեռացման իրավունքները».

2) 1-ին մասում «տեղեկատվության մեջ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակումներում), առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ նաեւ պահանջել հեռացնելու դրանք» բառերով, իսկ «վերջինս» բառը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնողը» բառերով:

Այսինքն՝ այսուհետ լրատվամիջոցներին ներկայացվելու է լրագրողական նյութերը հեռացնելու պահանջ, որը նախագծի հաստատումից հետո կստանա օրենքի ուժ։

Ավելին՝ նախագիծը սահմանում է, որ «Հերքման եւ հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման»։ Թեեւ հրապարակման հեռացումից հետո անիմաստ է դառնում հերքման պահանջը:

Եթե հիմա լրատվամիջոցները զրպարտության ու վիրավորանքի համար դատարանի վճռով տուգանվում են ու հերքում տպագրում, ապա նոր նախագծով առաջարկվում է համացանցից հեռացնել ընդհուպ ամբողջ լրագրողական աշխատանքը։

«Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ հեռացնել հրապարակումը, կամ խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու, կամ հրապարակումը հեռացնելու հայցով»,- ասվում է նախագծում։

Այս նախագիծը թեեւ մատուցվում է որպես Սահմանադրական դատարանի որոշման պահանջ՝ մարդու, ընտանեկան իրավունքների պաշտպանության տեսանկյունից, հետնաբեմում մեկ նպատակ է՝ սահմանափակել խոսքի ազատությունը լրատվամիջոցներում: Իսկ համացանցային անպատժելիությունը ավելի կլկտիանա:

 

 

 

 

 

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, ում թեթև ձեռքով Կապանում ևս ՔՊ-ն պարտություն տարավ։

«Ժողովուրդ» օրաթերթը Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումներից պարզեց, որ

անկուսակցական Գևորգ Փարսյանի նկատմամբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել, որի արդյունքում նրա հանդեպ կիրառվել է վարչական իրավախախտում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։ Հանձնաժողովը պարզել է, որ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 2024 թվականի մայիսի 14-ին Կապանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր «Գրիգ Բիզնես» ՍՊ ընկերության հետ, որի 100% բաժնեմասնակիցը, իրական շահառուն, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարը հանդիսացել է վերջինիս փոխկապակցված անձը՝ եղբայրը՝ Գրիգոր Փարսյանը։

Ըստ Հանձնաժողովի՝ Կապան համայնքի ղեկավարը, համայնքի կարիքների համար մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելով, իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դրա վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում։

Բանն այն է, որ նախորդ տարեվերջին ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում համոզմունք էր հայտնել, թե Փարսյանի ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավելի տոկոսը շահում են նրա ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։

Վահագն Ալեքսանյանի մեղադրանքներից հետո Փարսյանը պաշտոնապես պարզաբանում էր ներկայացրել՝ ասելով․

«Հաշվի առնելով, որ նման անհիմն հայտարարությունները, հատկապես բարձր ամբիոնից հնչեցված, արդեն դարձել են կրկնվող երևույթ, հարկ եմ համարում հրապարակայնորեն արձագանքել, քանի որ իրականությունը բոլորովին այլ է և հիմնված է ակնհայտ փաստերի վրա։

Այսպիսով, 2019 թվականին Կապանի համայնքապետարանը հայտարարել է շուրջ 18 շինարարական աշխատանքների մրցույթ, որոնցից ընդամենը 1-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

 

2020 թվականին հայտարարվել է 20 մրցույթ, որոնցից 5-ում է հաղթող ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը:

2021 թվականին հայտարարվել է 38 մրցույթ, որոնցից 9-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2022 թվականին հայտարարվել է 25 մրցույթ, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2023 թվականին հայտարարվել է 17 մրցույթ, որոնցից 2-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2024 թվականին, այսօրվա դրությամբ, հայտարարվել է 24 մրցույթ, որոնցից 7-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում եղբայրս՝ Գրիգորի Փարսյանը, իսկ ընկերության 100% բաժնետերը հայրս է՝ Ռազմիկ Փարսյանը։

Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը մեր տարածաշրջանի շինարարության բնագավառում մասնագիտացված ամենամեծ կազմակերպությունն է և 2010 թվականից հանրապետության խոշոր հարկատուների ցանկում է»։

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունից հետո, ինչպես տեսնում ենք, մանրամասն քննվել են Գևորգ Փարսյանի հետ փոխկապակցված անձանց ընկերությունները և համայնքի գնումները, ինչի արդյունքում անկուսակցական համայնքապետը տուգանվեց։

 

 

 

 

 

Երեկ խորհրդարանում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայրենի օրենսդիրներին էր ներկայացնում կոմիտեի 2024 թվականի տարեկան զեկույցը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նախ շատ պասիվ էին, դահլիճը կիսադատարկ էր, բացի դրանից՝ բոլորի հնչեցրած հարցերից ակնհայտ երեւում էր, որ իշխանականները իրավապահ համակարգի առնչությամբ չհասկացվածություն ունեն. նույնիսկ հրապարակային պատվիրում էին ինչպես «ակտիվորեն» պատժել այլախոհներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ական պատգամավորները փոխանցեցին, որ այդքան էլ չեն ընդունում Պողոսյանին, քանի որ նրա հետ աշխատել չի ստացվում: Ակնհայտ երեւում է, որ նա ուղիղ կապի մեջ է միայն Նիկոլ Փաշինյանի հետ ու որեւէ ձեւով պատգամավորների հետ կապ չի ուզում ունենալ:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացվել գործով անցնող մեղադրյալների մասով գաղտնալսումների որոշումները տրամադրելու համար: Ի պատասխան՝ նախաքննական մարմնից հայտնել են, որ մոտ օրերս գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։

Ասել է թե՝ առաջիկայում գործի բոլոր նյութերը կհայտնվեն պաշտպանական կողմի մոտ։

Ավելին՝ էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչը հիմք է նրա խափանման միջոցը փոխելու համար։

Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց. նա այս պահին գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Իսկ ինչի համար է դատավորը կալանավորվել։ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում դեռևս 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբաքանակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելուն, եւ Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Եվ ահա, ըստ նախնական վարկածի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին, եւ որ վաղեմության ժամկետի հիմքով այս գործով անցնող հերոինի «պարագլուխ» Զոհրաբ Յեզգատյանին ազատի պատժից:

Քրեական վարույթով կալանքի տակ են ևս երկու անձինք, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն է ու կաշառք տվող անձը: Հավելենք, որ դատավորը ցուցմունք չի տվել եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

 




Լրահոս