«Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ: Դատարկվում ու ամայացվում են սահմանամերձ գյուղերը: Շուրջ 250 գյուղական դպրոց է կանգնած փակման եզրին, 100-150 գյուղ էլ ամայանալու, ոչնչանալու է: Այս իրավիճակում ո՞ւմ է պետք Ակադեմիական քաղաքը. այս ծրագիրը ևս ուղղված է գյուղերն ամայացնելուն: Ոչ թե Նիկոլին, այլ նիկոլիզմը պետք է վերացնենք մեր երկրից», – ArmLur.am լրատվականի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանը:
-Պարո՛ն Մանուկյան, Դուք հակվա՞ծ եք մտածելու, որ Խաղաղության պայմանագիրը կկնքվի, եւ արդյոք ի՞նչ է տալու այդ պայմանագիրը Հայաստանին։
-Ոչ միայն հակված չեմ, այլեւ վստահ եմ, որ այդ պայմանագիրը չի կնքվելու, որովհետեւ միայն Հայաստանն է ուզում, որ կնքվի դա: Ադրբեջանին այդ Խաղաղության պայմանագիրը բացարձակ պետք չէ, որովհետեւ Ադրբեջանի դեմ կա կանգնած մի իշխանություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը միայն պահանջ ընդունող է։ Պահանջները շատ են, դրանք վերջ չունեն, եւ «մի կողմը» միշտ պատրաստ է զիջողությունների. իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած զիջման։ Ալիեւն այս ամենը շատ լավ հասկանում է, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն էլ այնպիսին է, որ ոչ մի միջազգային կառույց չի աշխատում, ոչ մի կանոնակարգ չի գործում, եւ Հայաստանից փորձելու են կորզել առավելագույնը։ Մասնավորապես, մի քանիսը կան, որոնք մեր սուվերենությունը վնասում են եւ կազմաքանդում մեր երկիրը. դրանք են փախստականների վերադարձը, միջազգային դատարաններում մեր հայցերից հետ կանգնելը, սահմանազատումը, որն ինչպես գիտենք՝ գնում է ոչ հայաստանյան օրակարգով, գերիների վերադարձի հարցն է, որով ընդհանրապես չեն զբաղվում, Մինսկի խմբի լուծարումը, որը խայտառակություն է։ Բոլոր դեպքերում, ինչ շեշտեցի՝ բոլորը միակողմանի զիջումներ են։ Մի օրինակ միայն ասեմ, որ ինձ շատ հուզում է, եւ համաշխարհային կանոն է. Ղարաբաղի մշակութային արժեքների ոչնչացման հարցն է դա։ Օրերս միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Հայաստանն է տերը Ղարաբաղի հուշարձանների պահպանության, որովհետեւ դրանք հայկական են՝ շուրջ 300 եկեղեցի, 400 գերեզմանատուն, մոտ 1000 խաչքարեր եւ այլն։ Եվ եթե մենք ստորագրենք այդ հայցերից հետ կանգնելու պայմանագիրը, որը պետք է Խաղաղության պայմանագրի մեջ լինի, մենք այդուհետեւ էլ որեւէ հայց ներկայացնելու իրավունք չենք ունենա. դա նշանակում է, որ մենք նույնիսկ այս խմբից պետք է հրաժարվենք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սուրբ» օրենքներից մեկն է դա՝ «Մշակութային պահպանության մասին» օրենքը:
Խաղաղության պայմանագիրը միայն ու միայն Հայաստանի սուվերենության հաշվին է, եւ դա ոչ մի լավ բանի մեզ չի հասցնելու։
-Պարո՛ն Մանուկյան, հայկական կողմը հետ է վերցնում բոլոր հայցերը՝ ուղղված միջազգային կառույցներին, բայց այս ֆոնին Ադրբեջանը նոր հայցեր է ուղարկում Հայաստանի դեմ։ Սա ի՞նչ նպատակով է արվում, եւ արդյո՞ք երբեւէ հնարավոր կլինի Ադրբեջանի հետ խաղաղ ապրել։
-Իհարկե, հնարավոր չէ, թե երբեւէ կլինի այդպես։ Բայց խաղաղությունը միշտ պետք է արժանապատիվ լինի։ Դրա համար լուրջ ծրագրեր, գործեր են պետք։ Հայաստանի պաշտպանությունը պետք է ուժեղացվի, բյուջեն պետք է ավելանա, Հայաստանի բարեկամների թիվը պետք է ավելանա, արտաքին դիվանագիտական դիրքորոշումները փոխվեն։ Այսինքն՝ սա լրջագույն ծրագիր է, բայց այդ ծրագրին պատրաստվելու համար պետք է ունենալ համապատասխան իշխանություն եւ վստահություն այդ իշխանության նկատմամբ, համերաշխության մթնոլորտ երկրի ներսում: Միայն այդ դեպքում կարող ենք այդքան լուրջ մարտահրավերներին դիմանալ։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ
ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասնյակ անդամներ, Հայոց ցեղասպանության 110րդ տարելիցի առթիվ, համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին եւ ամերիկահայ համայնքին՝ հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով եւ սոցիալական ցանցերում կատարված գրառումներով:
Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, այլեւ պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար եւ կարեւորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Վաշինգտոնից՝ Կոնգրեսի բարձունքից մինչեւ ԱՄՆ տարբեր համայնքներ, տասնյակ օրենսդիրներ բարձրացրել են իրենց ձայնը՝ հիշատակելով ցեղասպանության զոհ դարձախ 1.5 միլիոն հայերին։ Հիշատակի այս ձեռնարկները հզոր հակազդում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական ժխտողականությանը եւ ագրեսիային՝ միաժամանակ նպաստելով կոնկրետ քաղաքական քայլերի իրականացմանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։
«Կոնգրեսի անդամները ցուցաբերել են բացառիկ առաջնորդություն՝ ինչպես Հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու, այնպես էլ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար պատասխանատվություն պահանջելու հարցերում,»-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Բազմաթիվ կոնգրեսական առաջնորդներ իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահ Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է ակտիվորեն գործել՝ աջակցելու այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ուժեղացնում ԱՄՆ-Հայաստան անվտանգության համագործակցությունը եւ Թուրքիայից պահանջում են պատասխանատվություն՝ Հայոց ցեղասպանությունը շարունակաբար ժխտելու համար։
ԱՄՆ կառավարությունից նաեւ պահանջվում է, որ Թուրքիան դադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաեւ անհապաղ քայլեր ձեռնարկի Երուսաղեմի հայկական քրիստոնեական թաղամասի պաշտպանության ուղղությամբ։ Այս բոլոր պահանջների ընթացքում հանձնախումբն ընդգծում է ԱՄՆ-ի՝ ցեղասպանության ժխտման գործում մաղսակից չլինելու հրատապությունը՝ միաժամանակ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանի հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։























