Armenian text to speach

ԽՈՍԵԼ Է ԱՂԵԿՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Լրագրող Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չի հանցանք կատարել. նա բազմաթիվ առերեւույթ հանցանքներ է կատարել». այդ մասին Ազգային ժողովում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ է լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքում եղել անհապաղ կալանավորում, իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ կապված միջադեպի դեպքում, երբ ուղիղ եթերում նույնիսկ եղավ ծեծի դրվագ, Տիգրան Տեր-Մարգարյանն ազատ է ու պաշտոնավարում է:

 

Ըստ Քննչական կոմիտեի նախագահի՝ Լիլիթ Աղեկյանի դեպքում անազատության հետ չկապվող խափանման միջոցներ նախկինում էլ ընտրվել էին, բայց անձը չի փոխում իր վարքագիծը եւ կատարում է այլ հանցանքներ՝ անհարգալից վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ, խուլիգանություն. հարկադրված դիմել են այդ միջոցին:

«Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում: Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել: Մի գործով, երկու գործով, երեք գործով, երբ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց, երբ տեսել են՝ այդ խափանման միջոցն այլեւս չի չեզոքացնում անձի՝ ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթն իրականացնող մարմինը կալանքի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- պարզաբանել է ՔԿ նախագահը՝ մանրամասնելով, թե Լիլիթ Աղեկյանը դպրոցի եւ դատական նիստի բնականոն գործունեությունն է խաթարել, դրա համար ստիպված դիմել են այդ միջոցին:

Ինչ վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, ապա ՔԿ նախագահը նշել է, որ այն արարքը, որը մեղսագրված է թաղապետին, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, որը կատարվել է առաջին անգամ: Իսկ պաշտոնավարման կասեցման կարիք չի եղել, քանի որ անձի դատավարական պատշաճ վարքագիծն ապահովելու համար բավարար էր պաշտոնյայի նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելու խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ տեսախցիկների առջեւ Լիլիթ Աղեկյանին մերկացրել են եւ կատարել մարմնի զննություն։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը անդրադարձել էր փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե Գյումրիում «ոստիկանները խոշտանգել եւ նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ»՝ նշելով. «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է եւ տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել»:

ՄԻՊ-ը նշել էր, որ ստացված ահազանգի եւ քրեակատարողական հիմնարկ կատարած այցի արդյունքներն ամփոփվում են, պաշտոնական պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրվում ՀՀ գլխավոր դատախազություն եւ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս