ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, եւ ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաեւ տեսակցել Լիլիթ Աղեկյանին։
Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես կապ է հաստատվել ինչպես ՁՊՎ-ի իրավասու ներկայացուցչի, այնպես էլ քրեական վարույթն իրականացնող քննիչի հետ։ Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշման հիման վրա` դատարան ներկայացվելու նպատակով։
Ըստ ստացված տեղեկատվության` Զարուհի Փոստանջյանի` որպես փաստաբան ներգրավելու հարցը մերժվել է, քանի որ վարույթի շրջանակում առկա են նրա մասնակցությունը բացառող հանգամանքներ, իսկ Լիլիթ Աղեկյանի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է հանրային պաշտպան։
Ավելին՝ բարձրացվել է նաեւ ՁՊՎ-ում Լիլիթ Աղեկյանին բժշկական զննության ենթարկելու հարցը: Արդյունքում` շտապօգնության բժիշկների կողմից իրականացված զննության եւ արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել Պաշտպանի աշխատակազմ։ Պարզաբանվել է նաեւ, որ որոշակի գանգատներ ունենալու հիմքով, Լիլիթ Աղեկյանը տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ անհրաժեշտ բուժզննության ենթարկվելուց հետո տեղափոխվել է ՁՊՎ։ Պաշտպանի ներկայացուցիչը կապի մեջ է գտնվել նաեւ բուժհաստատության հերթապահ անձնակազմի հետ։ Այնուհետեւ, Պաշտպանի աշխատակազմ ստացվել է տեղեկություն առ այն, որ դատարանի որոշմամբ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է եւ տեղափոխվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել է այց, առանձնազրույց է տեղի ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ։
Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները, ի թիվս այլնի` բարձրացրել է քրեական վարույթով իր նախընտրած փաստաբանին՝ Զարուհի Փոստանջյանին վարույթին ներգրավելու, իրեն անհիմն մեղադրանք առաջադրելու եւ ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ոչ պատշաճ եւ վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։ Իր պնդմամբ` ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, տեւական ժամանակ կիրառվել են ձեռնաշղթաներ, զննության իրականացումն ուղեկցվել է տեսանկարահանմամբ, ինչպես նաեւ իրեն ոստիկանության բաժին են տեղափոխել տնային հագուստով։
Այցի շրջանակում ուսումնասիրվել են նաեւ վերջինիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը, իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաեւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Լիլիթ Աղեկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաեւ, որ ՔԿՀ մուտք գործելիս տրամադրվել են իրեն անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, ինչի առնչությամբ ի սկզբանե ներկակացվել էին մտահոգիչ տեղեկություններ։
Ստացված ահազանգի եւ քրեակատարողական հիմնարկ կատարած այցի արդյունքները ամփովում են, պաշտոնական պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրվում ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ քննարկման առարկա դարձնել անձի բոլոր պնդումները` վատ վերաբերմունքի հանգամանքների առնչությամբ եւ արդյունքները ներկայացնել հրապարակային: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրության առարկա է նաեւ Զ. Փոստանջյանին որպես պաշտպան չներգրավելու վերաբերյալ հարցը: Արդյունքների մասին Պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային»:
Ն. ԱՂԱՍՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Բերդ քաղաքից հայտնեցին, որ շուրջ երկու ամիս է, ինչ ձեռնոցի գործարանը դադարել է գործել. մոտ 200 հոգի չեն աշխատում, գործարանից հաստոցները տեղափոխել են։ 2018թ. օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ գործարան էր այցելել, ձեռնարկության գործունեության մասին երկար զրուցել Մոսկվայում բնակվող սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ։ Զանգահարեցինք գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին, հարցրինք, թե ինչ պատճառով են գործարանի աշխատանքը դադարեցրել։ Նա ասաց, որ դադարեցումը ժամանակավոր է։ Հարցին` ինչո՞ւ եք գործարանից հաստոցները տեղափոխել, նա ասաց, թե ինչու ենք հետաքրքրվում դրանով, ինչու չենք գրում նոր բերված հաստոցների մասին։ Մեր թղթակցի հակադարձմանը` այդ մասին որտեղի՞ց պետք է իմանայինք, այդ նպատակով ենք զանգահարել, Մ. Եզեկյանն ասաց, որ իր տեղը հարմար չէ, ավտոմեքենա է վարում, ղեկին է։ Հավանաբար մեր հարցը նրան դուր չէր եկել։
ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Ն. Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը հարցրել է՝ ի՞նչ է արվում Տավուշի մարզում, մասնավորապես` հանրակրթական դպրոցներում հեծանվային սպորտը զարգացնելու ուղղությամբ։ Մարզպետարանից հայտնել են. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում անց է կացվել ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստում, պարբերաբար տեղի են ունենում ներհամայնքային մրցաշարեր: Մայիսի 5-8-ը անց է կացվել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը, մայիսի 19-20-ին կկայանա մարզային փուլը, իսկ հունիսի սկզբին՝ հանրապետական»:
ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ՕՏԱՐԵԼ ԵՆ
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի պահանջներով՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանին շնորհել ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնին՝ օրենքով սահմանված կարգով Լիպարիտ Սանթրոսյանին վճարել հավելավճար։ Սա կարելի է համարել Դիլիջանի հողերն օտարելու համար համայնքապետի կողմից պարգեւատրում Լ. Սանթրոսյանին։ Դիլիջան ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը տուրիստական քաղաքի հողերը շուկայականից զգալի ցածր գներով, կասկածելի աճուրդներով օտարել է, այդ թվում՝ Երեւանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների, իսկ կոռուպցիայի դեմ իրենց անդուլ պայքարի մասին գոռացող Նիկոլ Փաշինյանը դա անտեսել է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ























