ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հոկտեմբերի 27-ի գործով «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունից:
ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ հարցաքննությունը շատ կարճ է տեւել: Քննիչը մոտ 5-6 հարց է ուղղել Սեֆիլյանին, որոնք հիմնականում կապ են ունեցել Սամվել Բաբայանի կողմից հնչեցված արտահայտության հետ: Մասնավորապես հարցերից մեկը եղել է այսպես․ «Սամվել Բաբայանը հարցազրույցներից մեկում ասել է՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանը եւ վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին։ Դուք արե՞լ եք նման արտահայտություն, թե ոչ»:
Ի պատասխան քննիչի հարցադրման՝ Ժիրայր Սեֆիլյանը ասել է, որ զարմացած է, անցել է 25 տարի ու ինքը նման արտահայտություն չի արել: Ավելին, քննիչի մոտ Սեֆիլյանը նշել է, եթե կա նման ձայնագրություն, թող կցեն գործին եւ քննություն իրականացնեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմինը առաջիկայում կհարցաքննի Սամվել Բաբայանին։ Ավելին՝ դատելով ստեղծված իրավիճակից՝ նախաքննական մարմինը առերեսում կկազմակերպի «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ, քանի որ հակասություններ կան, Բաբայանը պնդում է, որ նման բան է ասել, իսկ Սեֆիլյանը հերքում է։
Եւս մեկ անգամ նշենք, որ Սամվել Բաբայանը երկու ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանը եւ վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին: Բաբայանի հարցազրույցի այդ հատվածն օրերս խորհրդարանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը:
Այդ հորդորից հետո Քննչական կոմիտեում հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նկատենք, որ Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվում է երկրոդ անգամ և «կեղծիք» եւ «անհեթեթություն» էր որակել Բաբայանի պնդումները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան





























