Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել 2024 թվականի ընթացքում տեղի ունեցած ակցիաների ժամանակ իրավապահների կողմից ազատությունից զրկված քաղաքացիների խախտված իրավունքներին։
ArmLur.am-ը ֆիկսել է, որ ՄԻՊ-ի զեկույցում ասվում է, որ 2024 թվականի ընթացքում հավաքների շրջանակներում ազատությունից զրկված մի շարք անձինք ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներին նաև հայտնել են, որ Ոստիկանության ծառայողների կողմից օրինական պահանջ չի հնչեցվում կամ հնչեցվում է ոչ լսելի կերպով կամ հնչեցվելու պարագայում օրինական պահանջի իրականացման համար ողջամիտ ժամկետ չի տրամադրվում։
Արձանագրված դեպքերի ընդհանուր ուսումնասիրությունից բխում է, որ հիմնականում անձանց վարչական ձերբակալման հիմքը եղել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված՝ Ոստիկանության օրինական պահանջը չկատարելը: Դիտարկումները ցույց են տալիս, որ վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը ներկայացվել են ընդհանրական կերպով, չեն անհատականացվել՝ զրկելով վարչական ձերբակալման ենթարկված անձին հնարավորությունից՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ հիմքով և պատճառաբանությամբ է իրականացվում վարչական ձերբակալումը: Շատ դեպքերում անձանց համար պարզ չի եղել, թե որն է իրենց ներկայացված կոնկրետ «օրինական պահանջը»։ Վարչական ձերբակալման ենթարկելու որոշ դեպքերում, ըստ Պաշտպանին դիմած կամ առանձնազրույցներին մասնակցած անձանց պնդումների, իրենց առհասարակ որևէ պահանջ չի ներկայացվել, որևէ հակաօրինական արարք չեն կատարել, և վարչական ձերբակալման են ենթարկվել զուտ հավաքի անցկացման վայրում գտնվելու փաստի ուժով: Ավելին, ըստ վարչական ձերբակալման ենթարկված անձանց՝ որոշ դեպքերում վարչական ձերբակալումը տեղի է ունեցել անգամ օրինական պահանջի իրականացման պայմաններում։
2024 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված հավաքների ընթացքում ձերբակալվել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել ընդհանուր թվով 1107 անձ, որոնցից 975-ը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով։ Միևնույն ժամանակ, ըստ նախարարության՝ տվյալ հոդվածով Վարչական դատարան է ներկայացվել 116 հայց, որից 71 վարչական գործ գտնվում է դեռևս քննության փուլում, 2 հայց բավարարվել է, 43 հայց մերժվել է:
Ներկայացվածի համատեքստում, վերը նկարագրված խնդիրները ու վիճակագրական տվյալները վկայում են, որ դեռևս շարունակում են արդիական մնալ իրականացված վարչական ձերբակալումների (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված) հիմնավորվածության և իրավաչափության հարցերը, ինչն իր հերթին կասկածի տակ է դնում հավաքների մասնակիցներին վարչական ձերբակալման ենթարկելու իրական նպատակներն ու հիմքերը։
Պաշտպանի աշխատակազմի կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված հավաքների մշտադիտարկումը ցույց է տվել, որ 2024 թվականի ընթացքում ևս խնդրահարույց է եղել անձանց ազատությունից զրկելու սկզբնական պահը չհստակեցնելու ու սահմանված ժամկետների չպահպանման պրակտիկան, որի մասին մշտապես բարձրացվել է Պաշտպանի տարեկան հաղորդումներում։ Ինչպես նախորդ տարիներին, 2024 թվականին ևս արձանագրվել են դեպքեր, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձանց անազատության մեջ պահելու ժամկետի հաշվարկի սկիզբ է դիտարկվել ոչ թե անձին ազատությունից փաստացի զրկելու պահը, այլ անձին ազատությունից զրկելու առնչությամբ համապատասխան արձանագրություն կազմելու կամ նրան Ոստիկանության համապատասխան բաժին բերելու պահը: Այսպես, օրինակ՝ 2024 թվականի հունիսի 12-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններ իրականացված այցերի շրջանակներում ունեցած առանձնազրույցներից մեկի ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված անձը նշել է, որ փաստացի արգելանքի է վերցվել ժամը 15:30-ի սահմաններում։
Մինչդեռ, Ոստիկանությունից ստացված պարզաբանման համաձայն՝ վարչական ձերբակալման արձանագրության մեջ ձերբակալման ժամ է նշված եղել 16:40-ը։ Միևնույն ժամանակ, նույն անձը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հայտնել է, որ իրեն արգելվել է դուրս գալ Ոստիկանության բաժնից մինչև օրենսդրությամբ ամրագրված 3 ժամը լրանալը, չնայած նրան, որ վարչական վարույթի շրջանակում բոլոր անհրաժեշտ գործողություններն ավարտվել և համապատասխան փաստաթղթերը կազմվել են։ Ինչպես անձին վարչական ձերբակալման ենթարկելու ժամկետների ու ազատությունից զրկելու պահի հստակեցման, այնպես էլ անձնական ազատությունից փաստացի զրկելու պահից իրավունքների ծագման ու երաշխավորման հետ կապված ներպետական ու միջազգային իրավական կարգավորումներն ու չափանիշները մանրամասն նկարագրվել են Պաշտպանի նախորդ տարեկան հաղորդման շրջանակներում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով խնդրահարույց է համարել դիմումատուի ձերբակալման արձանագրությունը կազմելիս այլ ժամի արձանագրումը որպես նրան ձերբակալելու պահ՝ ի տարբերություն այն ժամի, երբ դիմումատուն փաստացի զրկվել է ազատությունից»,-ասված է զեկույցում։
ՄԻՊ-ի զեկույցում ընդգծում է, որ անձին ազատությունից զրկելու սկզբնական պահի հաշվարկումը կարևոր է ինչպես օրենսդրությամբ ամրագրված առավելագույն ժամկետների պահպանման, այնպես էլ անձի՝ ազատությունից զրկվածի կարգավիճակից բխող բոլոր երաշխիքների ապահովման տեսանկյունից։ Ուստի, անհրաժեշտ է սկզբունքորեն պահպանել միջազգային իրավաբանությամբ ընդունված այն մոտեցումը, որ անձը համարվում է ազատությունից զրկված՝ այն պահից սկսած, երբ նա ստիպված է հետևել ոստիկանի կամքին և չի կարող ինքնակամ լքել իր գտնվելու վայրը:
Էմմա Միքայելյան


























































































