ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ում չեն բացառում, որ վերջին շրջանում տարբեր ԲՀԿ-ականների ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեն:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե պատահական էր արդյոք փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո են սկսել ձերբակալությունները, ընդ որում՝ թմրանյութ իրացնելու մեղադրանքով, ասաց. «Նման երեւույթներ նկատելի են: Մենք այս պահին հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: Եվ միայն բոլոր փաստերը համադրելուց, քննարկելուց, վերլուծություններից հետո կկարողանանք գնահատականներով հանդես գալ»:
Խաչիկ Գալստյանը վստահեցրեց, որ իրենք այդ բոլոր փաստերը վերլուծում են ամենայն մանրամասնությամբ: Իսկ հարցին, թե զարմանալի զուգադիպությամբ արդյոք սա չի նշանակում, որ այդպես անուղղակի ցույց են տալիս, թե ԲՀԿ-ն թմրամոլների կուսակցություն է, Գալստյանը պատասխանեց. «Մենք եւս որոշակի տարօրինակ զուգադիպություններ նկատել ենք»:
Բայց ԲՀԿ-ն ոչինչ չունի ասելու, մինչեւ Գագիկ Ծառուկյանը վերադառնա Դուբայից: Թեեւ չի բացառվում, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չգա Հայաստան այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանի չի մեկնել Մոսկվա ու վերադարձել: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը Երեւան կվերադառնա մի քանի օրից: «Բայց ավելի կոնկրետ չգիտեմ»,- հայտարարեց նա: Ավելացնենք, որ ըստ ուժային կառույցներից ստացված տեղեկությունների՝ Ծառուկյանն այսօր պետք է Հայաստան ժամանի:
Ամեն դեպքում նկատենք, որ ԲՀԿ առաջնորդի ծնունդը հարամվեց ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության կողմից: Ծառուկյանը հանգստից պետք է վերադառնա ու բացատրություններ տա բոլոր բեւեռներում:




Լրահոս