Արարատի մարզպետից` ՀՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջապես հայտարարվեց ՀՀ 13-րդ վարչապետի անունը. պաշտոնը կզբաղեցնի ԱԺ՝ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Armlur-ը կներկայացնի նոր վարչապետի կենսագրության կարևոր հատվածները:

Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում: Կենսագրության մեջ նշված է, որ նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն նշված չէ բաժինը կամ որակավորումը: Նրա կրթության վերաբերյալ քիչ թե շատ ճշգրիտ տվյալներ գտնելը գրեթե անհնարին է։

ԱԺ նախկին նախագահի կենսագրության մեջ նշված է, որ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն որևէ տեղ նշված չէ, թե որ թվականին։ Ի տարբերություն իր շատ գործընկերների՝ Աբրահամյանն ունի մեծ առավելություն, ծառայել է բանակում:

Անդրադառնանք նոր վարչապետի աշխատանքային կենսագրությանը, որն ավելի քան «առատ» է և խոսուն:

Եվ այսպես, Հովիկ Աբրահամյանը 1990-1991թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ, 1991-1995թթ.՝ Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն, 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, 1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1996-1998թթ.՝ Արտաշատի քաղաքապետ, 1998-2000թթ.՝ ՀՀ Արարատի մարզի մարզպետ, 2000-2001թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար, 2001-2002թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, 2005-2007թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով, 2007-2008թթ.՝ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:

2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, 2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ, 2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են, 2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:

Բացի այս քաղաքական առատ կենսագրությանը՝ Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ և Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ: Նա նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամ է: Քիչ չեն նաև Հովիկ Աբրահամյանի մեդալները: Մասնավորապես, նա պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով:

2013 թվականին ներկայացված հայտարարգրում Հովիկ Աբրահամյանի դրամական միջոցները կազմում են 290,000,000 դրամ, որը հարկային տարվա վերջում նվազելով դարձել է 280.000.000 դրամ, իսկ դոլարային միջոցները կազմում են 2.050.000 դոլար, որն էլ նվազելով դարձել է 2.000.000 դոլար: Նրա եկամուտները գոյանում են աշխատավարձից, որը կազմում էր 4.256.010 դրամ և գյուղ. մթերքների իրացումից ստացված գումարից, որն էլ կազմել է 45.000.000 դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս