էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումները անխուսափելի են։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել՝ պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։
Իրավապահները փնտրում են ենթադրյալ մարդասպանին՝ «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, որը դեպքից հետո անհետացել է ու մինչ օրս չկա։
Այս սպանության գործով իրավապահները խուզարկել են Էջմիածնի քաղաքապետի տունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները փորձել են առգրավել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու անձնական հեռախոսը, սակայն նա հրաժարվել է հեռախոսը տրամադրել քննիչին ու հենց քննչական կոմիտեում կոտրել է այն։ Այս հանգամանքը ավելի է խստացրել իրավապահների կասկածները։
Արդյունքում՝ այս դեպքերից 1,5 ամիս անց (կրակոցնեը տեղի էին ունեցել մարտի 22-ին, Էջմիածնի քաղաքապետի տան խուզարկությունը՝ մարտի 25-ին) Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստին հայտարարել է, թե այն հարցերի, աղմկահարույց պատմությունների վերաբերյալ, որոնց անընդհատ անդրադառնում է ընդդիմությունը, որոնց առնչությամբ բացատրություն է պահանջում, պետք է լուծում տրվի, ասելիք հավաքվի: Իսկ այդ հարցերից մեկը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու եւ սկեսրայրի գազալցակայանի վերաբերյալ պատմությունն էր, մյուսը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից դաժանաբար ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի հարցը: Դիանա Գասպարյանին ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ «հասկացվել» է, որ պետք է հրաժարական տա, իսկ Տեր-Մարգարյանի հետ կապված հարցը հասցվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Երեկ Գասպարյանն արդեն հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի, իսկ Տեր-Մարգարյանի թիմն արդեն որոշումն ունի` պետք է հրաժարական տա Նոր Նորքի թաղապետը, ով էլ արդեն համաձայնել է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլեւ կառավարության կազմի փոփոխություններ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կառավարությանը ենթակա մարմիններում վերջին շաբաթներին նկատվում է գերլարված մթնոլորտ: Տարբեր կառույցներում իրականացվում են հսկայածավալ ստուգումներ. պահանջվում են բազմաթիւ փաստաթղթեր՝ ներառյալ անցած տարիների հաշվետվություններն ու պաշտոնական գրագրությունները։ Աղբյուրները նշում են, որ հավաքագրվում են դոսյեներ, որոնք ներկայացվում են անձամբ Փաշինյանին։ Հատկապես զգալի զգուշություն է տիրում Կառավարության ստորաբաժանումներում. բազմաթիվ աշխատակիցներ տարբեր օղակներից ահազանգեր են ստանում՝ փաստաթղթերը կարգի բերելու ու անակնկալների պատրաստ լինելու մասին։ Ըստ տեղեկությունների՝ այս «վերահսկողական օպերացիան» ներառում է նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Վարչապետը, մեր տեղեկություններով, արդեն հստակ նախազգուշացրել է իր թիմակիցներին խստորեն հետեւել տեղի ընթացակարգերին եւ լինել առավել զգոն։ Իշխանական շրջանակներից հնչող լուրերը վկայում են, որ Փաշինյանը ստացել է ահազանգեր՝ վարչական շրջաններում ձեւավորված լուրջ կոռուպցիոն սխեմաների մասին։ Դրա արդյունքում այնտեղ նույնպես լարվածություն է նկատվում։ Շատերը փորձում են կանխել հնարավոր բացահայտումները՝ արագ կարգի բերելով իրենց հաշվետվությունները։ Թե ուր կհասնի այս լայնածավալ «մաքրող գործողությունը» եւ ովքեր կհայտնվեն դրա թիրախում՝ առայժմ հստակ չէ։ Բայց այն, որ վարչապետը լրջորեն տրամադրված է վերահսկողական լծակները գործի դնելու եւ թիմի ներսում «մաքրում» կատարելու հարցում՝ փաստ է։
Ապրիլի 3-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ ազդակներ տվեց ներքին գործերի նախարարությանը, որ առաջիկայում վարորդների եւ վարորդական վկայականներ ձեռք բերողների կյանքը հեշտ չի լինելու, ավելին՝ նաեւ թանկ է լինելու։ Բանն այն է, որ Կառավարության հիշյալ նիստում Փաշինյանը նախ ծաղրեց մեքենա վարելը՝ ասելով՝ «Դնում ես D-ի վրա ու գազ ես տալի, ու ինչքան գնացիր՝ գնացիր»։ Ապա հիշեց վարորդական վկայական ստանալու իր օրինակը, երբ հայտնի լրագրող էր. «300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»,- հայտարարել էր նա։ Հաջորդիվ ասաց՝ մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Այս վրդովված ելույթը ենթադրում էր, որ ինչ-որ բան, ամեն դեպքում, լինելու է. եւ եղավ։ Եղավ նոր օրենք, սակայն վերջինիս նպատակը ոչ թե բարելավումն է, այլ կրկին պետական բյուջե լցնելը։ Եթե այժմ հերթագրվում եք եւ նշված օրը գնում Հաշվառման քննական բաժանմունք, սակայն քննությունը ձախողում եք, հնարավորություն ունենում հաջորդ օրն իսկ գրանցվելու նոր քննության համար, բայց այն հնարավոր է դառնում, օրինակ, մեկ ամիս հետո, ապա ՆԳՆ-ն լուծում է առաջարկել։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։



















































































