ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կիրակի լույս երկուշաբթի գիշերն անցկացված արտահերթ նիստում քննարկել է Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
Նիստը հրավիրվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ, որն անընդունելի է համարում երկրի արևելքում կարգուկանոնի հաստատման համար ուկրաինական իշխանությունների կողմից ուժի կիրառումը:
Ռուսաստանի կարծիքով՝ երկրի արևելքում Ուկրաինայի դաշնայնացման նպատակով բողոքի ցույցեր կազմակերպողները ոչ մեկի դեմ ահաբեկչություն չեն իրականացնում, մինչդեռ Կիևի իշխանությունները պատրաստվում են բանակն օգտագործել ժողովրդի դեմ: Ռուսաստանի տեսակետին չի աջակցել Անվտանգության խորհրդի անդամներից և ոչ մեկը:
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրալիան հանդես են եկել Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ռուսաստանի դերի կոշտ քննադատությամբ:
«Միջազգային հանրությունը հիմարացած չէ կրեմլյան քարոզչությամբ և ապատեղեկատվությամբ», – իր ելույթը եզրափակել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լայել Գրանտը:
Նիստի մյուս մասնակից-երկրները ոչ պակաս կտրուկ գնահատականներ են հնչեցրել, սակայն լիովին կողմ են արտահայտվել սեփական երկրի ամբողջականության և կարգի պահպանման` Ուկրաինայի իրավունքին: