ԱՄՆ նախկին նախագահ՝ 82-ամյա Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Այս մասին հայտնել է նրա գրասենյակը։
Բայդենը, ով պաշտոնաթող է եղել այս տարվա հունվարին, նախորդ շաբաթ դիմել էր բժշկի առողջական խնդիրների պատճառով։ Ուրբաթ օրը կատարված հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվել է ագրեսիվ տեսակի քաղցկեղ՝ Gleason սանդղակով 9 միավոր՝ ինչը վկայում է հիվանդության բարձր աստիճանի մասին։ Սա նշանակում է, որ քաղցկեղային բջիջները կարող են արագ տարածվել։
Բայդենի գրասենյակը հայտնել է, որ չնայած ախտորոշումը լուրջ է, սակայն քաղցկեղը հորմոնազգայուն է, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ բուժում իրականացնել։ Այժմ Բայդենն ու ընտանիքը քննարկում են բուժման տարբերակները։
Նախագահի առողջական վիճակի մասին լուրից հետո նրան աջակցություն են հայտնել տարբեր քաղաքական գործիչներ։ Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ նա և Մելանիա Թրամփը «տխրել են» Բայդենի ախտորոշման մասին լուը լսելուց հետո և մաղթել են շուտափույթ ապաքինում։
Նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը X-ում (նախկին Twitter) գրել է, որ նա և իր ամուսինը՝ Դագ Էմհոֆը աղոթում են Բայդենի ընտանիքի համար։ «Ջոն մարտիկ է, և ես գիտեմ, որ նա այս մարտահրավերն ընդունելու է իր ուժով, տոկունությամբ ու լավատեսությամբ»,- գրել է նա։
Բարաք Օբաման ևս գրել է, որ նա ու Միշելը մտածում են Բայդենի և նրա ընտանիքի մասին։ «Ոչ ոք այնքան չի նպաստել քաղցկեղի դեմ պայքարին, որքան Ջոն», — նշել է Օբաման՝ հիշեցնելով 2016-ին նախաձեռնած «քաղցկեղի լուսնաթռիչք» ծրագիրը, որի ղեկավարումը վստահվել էր Բայդենին։
Քաղցկեղի մասնագետ Դոկտոր Ուիլյամ Դահութը նշել է, որ ոսկորներում տարածված քաղցկեղը սովորաբար անբուժելի է, սակայն սկզբնական փուլում բուժման արդյունքում, հիվանդները կարող են երկար ապրել։
Բայդենը պաշտոնաթողությունից հետո հիմնականում հեռու է մնացել հանրային ուշադրությունից։ Ապրիլին նա ելույթ է ունեցել Չիկագոյում անցկացված համաժողովում, իսկ մայիսին հարցազրույց է տվել BBC-ին՝ խոսելով ընտրություններից հրաժարվելու դժվար որոշման մասին։
Նշենք, որ Բայդենը 2015 թվականին կորցրել էր իր ավագ որդուն՝ Բո Բայդենին, ով մահացել էր ուղեղի քաղցկեղից։
Անի Վարդանյան

























































































