ՀԻՄԱ Ո՞Վ Է Ո՞ՒՄ ԽԱԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հայաստանի  պետական տնտեսագիտական համալսարանում չեն վճարում  մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների կրթաթոշակները, ինչին ի պատասխան` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ պարզաբանմամբ` հայտարարելով, որ ինքը ոչ միայն հրահանգել է արագ լուծել այդ հարցը, այլեւ մյուս բուհերի ռեկտորներին հանձնարարել է հետեւել, որ կրթաթոշակները չուշանան: Սակայն մենք պարզեցինք, որ տնտեսագիտական համալսարանում նախարար Աշոտյանի հանձնարարականներն  արհամարհել են, եւ ուսանողները չեն ստացել իրենց կրթաթոշակը:
Ճիշտ այնպես, ինչպես նախարարի հանձնարարականներն արհամարհում են նաեւ դպրոցները: Թեեւ Աշոտյանը բազմիցս ասել է, որ դպրոցներում արգելված է դրամահավաքը, սակայն այդ արատավոր երեւույթին ականատես  ենք լինում ամեն քայլափոխի: Նույնն է վիճակը մանկապարտեզներում: Այնպես որ, Աշոտյանը ճիշտ կաներ` բացի պոպուլիստական հայտարարություններից ու հանձնարարություններից, նաեւ հետեւեր` արդյոք կատարում են իր ասածները: Մեր այս դիտարկմանը նախօրեին արձագանքել է ՀՀ ԿԳ նախարարությունը` հաղորդագրություն տարածելով:
«Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի եւ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների կրթաթոշակներն իբր չեն վճարվել, ԿԳՆ-ն պաշտոնապես հայտնում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունից հավաստիացնում են, որ «Ժողովուրդ» օրաթերթի 22.11.2011թ.  հիշյալ խնդրին վերաբերող հրապարակումից հետո ՀՀ ԿԳ նախարարի հանձնարարականով նոյեմբերի 22-ին փոխանցվել են սեպտեմբեր, իսկ նոյեմբերի 23-ին` հոկտեմբեր ամիսների կրթաթոշակները: ՀՀ ԿԳ նախարարությունը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ներին խնդիրը բարձրաձայնելու համար
Ի տարբերություն նախորդի` «Ժողովուրդ»-ի երեկվա հրապարակումը պետք է դիտարկել կրթաթոշակային որոշ տապալված նախաձեռնությունների համատեքստում: ԿԳ նախարարությունը, շնորհակալություն հայտնելով բոլոր ԶԼՄ-ներին կրթության ոլորտի հանդեպ ցուցաբերած բացառիկ ուշադրության համար, ընդամենը խնդրում է հրապարակումներում օբյեկտիվ տեղեկատվությունը զանազանել ուղղորդված ապատեղեկատվությունից, որի աղբյուրների որոնման հարցում զերծ ենք մնում այս ամենը ներքաղաքական իրադարձությունների համատեքտում դիտարկելու գայթակղությունից»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԿԳՆ-ն կոչ է անում այն ուսանողներին, որոնք պնդում են, որ իրենց կրթաթոշակները չեն ստացել, հենց այսօր այցելել նախարարություն` իրենց հարցերը պարզաբանելու համար:
«Ժողովուրդ»-ի երեկվա հրապարակմանն արձագանքել է նաեւ ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը` իր հերթին հայտարարելով, որ  տեղեկատվությունը, թե Տնտեսագիտական համալսարանում նախարար Աշոտյանի հանձնարարականներն արհամարհել են, եւ առ այսօր ուսանողները չեն ստացել իրենց կրթաթոշակը, չի համապատասխանում իրականությանը: «Տեղեկացնում ենք, որ համալսարանը փոխանցել է երկու ամսվա կրթաթոշակները: Նոյեմբերի 22-ին փոխանցվել են սեպտեմբեր ամսվա, իսկ նոյեմբերի 23-ին` հոկտեմբեր ամսվա կրթաթոշակները: Այնպես որ, կրթության եւ գիտության նախարարի ինչպես այս, այնպես էլ մյուս հանձնարարականները համալսարանում կատարվում են պատշաճ ձեւով»,-հավաստիացնում է ՀՊՏՀ-ն:
Միեւնույն ժամանակ ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ խնդրի առնչությամբ բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նամակում ասված է.                                    «Պարո՛ն նախարար, այն, որ Տնտեսագիտական համալսարանում թոշակները չեն վճարվում ժամանակին, հայտնի է շատերին: Մեկ շաբաթ առաջ Դուք հայտարարեցիք, որ չվճարված թոշակները կփոխանցվեն` չխոսելով նույնիսկ երկու ամիս ուշացնելու պատճառների մասին: Դա թողնենք մի կողմ: Առաջարկում ենք անձամբ կամ Ձեր տեղակալների միջոցով ստուգել ուսանողների քարտային փոխանցումների տվյալները եւ հրապարակել այն: Մենք ուզում ենք օգնել Ձեզ հաղթահարել բուհական համակարգում առկա խնդիրները»:
Կարծում ենք` այս վերջին հայտարարությունը որոշակիորեն արտացոլում է իրական պատկերը, ուստի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խորհուրդ ենք տալիս  «օբյեկտիվ տեղեկատվությունն ուղղորդված ապատեղեկատվությունից զանազանելու համար» ի վերջո պարզել, թե ով է այս հարցում խաբում` Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությո՞ւնը, թե՞ ուսանողները:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս