ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորական մանդատ ստացած Լեռնիկ Ալեքսանյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար այդքան էլ սպասելի չէր իր պատգամավորական գործունեության վերսկսումը. «Դե գիտեի այնքանով, որ եթե պատգամավորներից գնում են, ես գալու եմ»:
-Պարո՛ն Ալեքսանյան, բավական երկար ժամանակ չեք եղել խորհրդարանում և չեք զբաղվել պատգամավորական գործունեությամբ, հիմա ի՞նչ խնդիրներ եք դնելու ձեր առաջ:
Դե, գիտեք, ինչ կա, ես խորհրդարանում չեմ եղել, բայց կուսակցության մեջ եմ եղել, խնդիրներն էլ ինձ համար նորություն չեն, քանի որ դրանք նախկինում են եղել:
-Հաշվի առնելով, որ դուք զբաղվում եք գյուղատնտեսությամբ և բնակվում եք Արարատի մարզում, կփորձե՞ք օգնել ցրտահարությունից տուժած համերկրացիներին:
-Բնականաբար, եթե պատգամավոր լինեմ, ավելի ակտիվ կմասնակցեմ գյուղացիների խնդիրների հետ կապված հարցերին: Ես կաշխատեմ օգնել ոչ միայն իմ համերկրացիներին, այլև այլ մարզի գյուղացիներին, քանի որ ամեն տեղ համարյա նույն վիճակն է:
-Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը ձեզ համար որքանո՞վ էր սպասելի:
-Չգիտեի, որ ինքն է նշանակվելու, բայց թեկնածուների մեջ կար նաև իր անունը: Ու կարծում էի, որ ինքն էլ կլինի:
-ՀՀԿ-ն այլ թեկնածու առաջ չէ՞ր քաշում:
-Դե, մամուլում խոսում էին այդ մասին: Կային շշուկներ, որոնց մասին մեկնաբանություն անելը ճիշտ չէ:
– Բայց դուք ցանկանո՞ւմ էիք Հովիկ Աբրահամյանին տեսնել այդ պաշտոնում:
-Բնականաբար, Հովիկ Աբրահամյանը կենսագրություն ունի, փորձառու է: Կարծում եմ` վարչապետի պաշտոնում բարեփոխումներ կանի:
-Բայց ինչպե՞ս է այդ բարեփոխումներն անելու, եթե ՀՀ նախագահն իր ուղերձում հստակ ասաց, նոր ձևավորվելիք կառավարությունը շարունակելու է նախորդի գործունեությունը (մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ այն դեպքում, երբ հասարակությունն այս առումով այլ ակնկալիքներ ուներ): Հասարակությունն այսքանից հետո ի՞նչ սպասելիքներ ունենա:
-Ընդհանուր առմամբ՝ վարչապետների փոփոխությունը չպետք է առաջացնի ծրագրային փոփոխություն, քանի որ կառավարության ծրագիրը մեր կուսակցության ու մեր նախագահի ծրագիրն է:
Նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է շարունակի նախկին կառավարության գործունեությունը: Նախագահը նաև մեկ այլ բան ասաց, որ կան սպասելիքներ նոր կառավարությունից, ասել է թե` ծրագիրը նույնը կլինի, բայց կլինեն նոր մոտեցումներ: Կարծում եմ` կառավարություն կփոխվի, և շատ խնդիրներին նորովի կնայեն:
-Եթե անկեղծ լինեք, ինչպե՞ս եք գնահատում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունությունը:
-Դե…, դժվար է ասել միանգամից, բայց կարծում եմ` լուրջ գործեր է արել, լուրջ խնդիրներ է լուծել: Գուցե անփորձության պատճառով տնտեսական առումով ունեցել է վրիպումներ, սխալներ, իսկ աշխատանքի մեջ միշտ էլ լինում են վրիպումներ:
-Արդյոք Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը չի՞ ենթադրում նաև ԲՀԿ-ի մուտքը կոալիցիա` հաշվի առնելով Ծառուկյան- Աբրահամյան խնամիական կապերը:
-Աբրահամյանը երեկ շատ հստակ ասել է` խնամիական կապերը քաղաքական կատեգորիա չեն: Ես կարծում եմ` այդ պաշտոններում որոշիչ չեն կարող լինել: Դերակատարություն կարող են ունենալ, բայց ոչ որոշիչ կոալիցիա կազմելու-չկազմելու համար:
-Այսինքն` ԲՀԿ-ն կոալիցիա չի՞ մտնի:
-Ոչինչ չեմ բացառում, քանի որ կոնսուլտացիաները շարունակվում են թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի հետ: Սահմանադրության փոփոխության հետ կապված` չի բացառվում, որ կստեղծվեն որոշակի հարաբերություններ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև:
Սոնա Դավթյան