Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Համո Սահյանի 100-ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման եւ հարգանքի տուրքի արարողությունով:

Ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը  եւ կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստատեսությունը կնկարահանի «Համո Սահյան. Քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը, իսկ «Սյունաց երկիր» թերթը կթողարկի հատուկ համար` նվիրված Համո Սահյանին:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական  ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել է  Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաեւ մշտական ցուցադրությունը:  Տուն- թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին:

2014 թվականի ընթացքում Երեւանի, Սյունիքի եւ հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում տեղի կունենան պոզիայի երեկոներ, Սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների եւ ասմունքի մրցույթներ եւ այլ միջոցառումներ` նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին:




Լրահոս