Մյունխենի «Բավարիա» – Դորտմունդի «Բորուսիա» մրցավեճում դորտմունդցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը, իսկ խաղի հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը գերմանական մամուլին տված հարցազրույցում խոսել է Մխիթարյանի խաղի մասին:
«Կարծում եմ՝ հիանալի է, որ Մխիթարյանը կարողացավ աչքի ընկնել։ Անկասկած, դա նրան կօգնի հետագայում։ Թվում է, թե երբեմն Հենրիխն իր վրա ծանր բեռ է տանում»:
Որպես Մխիթարյանի խաղի համեմատություն՝ Կլոպը բերել է նաև Մադրիդի «Ռեալի» դեմ մրցավեճում Մխիթարյանի խաղը, երբ վերջինս չէր կարողացել օգտագործել մի քանի գոլային հնարավորություն: «Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից հետո ես զայրացած էի բաց թողնված հնարավորությունների համար, բայց այս խաղում նա շատ լավ խաղաց», -Կլոպի խոսքերն է մեջբերում derwesten.de-ն: