ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ` վարչապետ փոխելով` ոչինչ չի փոխվի, քանի որ խնդիրը ոչ թե վարչապետի անձն է, այլ` համակարգի ամբողջությունը:
«Նախագահը պետք է վարչապետին զոհաբերելով իր անձը պաշտպաներ: Քաղաքական գործչի փեշակն է, որ մեծ-մեծ խոստումներ տա և որևէ խոստում չիրականացնի:
Տարիներ շարունակ եղել են խոստումներ, որոնք չեն իրականացվել: Իսկ վարչապետի՝ խոստումներ տալը նորմալ է: Աբսուրդ կլիներ, եթե ասեր՝ ես գալիս եմ թալանելու նպատակով»,- ասաց Արզումանյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե իրատեսական է արդյոք այն, որ Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել բարձրացնել ծնելիության մակարդակը, Արզումանյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Ծնելիության խթանման հարցում կառավարության դերը շատ մեծ չէ»:
Անդրադառնալով ԲՀԿ-ին` Արզումանյանն ասաց, որ ԲՀԿ-ն իրեն այլընտրանք հռչակելու առաջին իսկ օրվանից թիրախ է դարձել:
Նրա համոզմամբ` ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի պարագայում ընդունելի չի կարող համարվել: Արզումանյանը կարծիք հայտնեց, որ կարևոր է ոչ թե կոալիցիա մտնել-չմտնելու հարցը, այլ այն, որ նժարին քաղաքականության փչանալու հարցն է դրված:
«Էլի եմ կրկնում` անձի փոփոխությունը որևէ կարևորություն չունի, եթե չլինի լուրջ համակարգային փոփոխությունների փաթեթ: Հովիկ Աբրահամյանը կոմպրոմիսների պատրաստ մարդ է: Փոխվելը պետք է հասարակության պարտադրանքով լինի, ոչ թե իշխանությունների ցանկությամբ: Հասարակությունը պետք է թույլ չտա: Համոզված եմ, որ գալու է այն օրը, որ հասարակությունը հասնի իր ուզածին և կարողանա հանգիստ պարտադրել»,- շարունակելով խոսքը` ասաց Արզումանյանը:
Նա նաև նշեց, որ այսօր պետք է վերանայվի «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը: «Անխուսափելի է Ռուսաստանում գազի գնի բարձրացումը, և Ռուսաստանի ներքին գնով ուրախանալը մեզ հետո կոտրած տաշտակի առաջ կկանգնեցնի: Մեր կողմից ասող նախարարին բազմիցս բռնեցրել ենք սուտ խոսելիս, նրանց կողմից նախարարին չենք կարողանում բռնեցնել»,- ասաց Արզումանյանը: