Ֆրանսիան խստորեն դատապարտում է ընտրություններին դիտորդական առաքելություն իրակաանցնող «ԳՈԼՈՍ» հասարակական կազմակերպության համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին 5 տարվա ազատազրկման դատապարտելը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Դատավճիռը Ռուսաստանում ընտրությունների ցանկացած անկախ մոնիտորինգ արգելելու ՌԴ իշխանությունների ցանկության հերթական վկայությունն է: Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու հիմնարար իրավունքներն ու ազատությունները»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վերջերս Մոսկվայի Բասմանի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել ընտրողների իրավունքների պաշտպանության շարժման «ԳՈԼՈՍ»-ի համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «անցանկալի կազմակերպության» աշխատանքը կազմակերպելու մեջ։ Դատախազությունը նրա համար վեց տարի պատժաժամկետ էր խնդրել։
Մեղադրող կողմի կարծիքով՝ Գոլոսը եղել է Ընտրությունների մոնիտորինգի եվրոպական ցանցի (ENEMO) մաս, որը ռուսական իշխանությունները անցանկալի են ճանաչել 2021 թվականին։ Գրիգորի Մելքոնյանցը չի ընդունում մեղքը. նրա համախոհները նրա դեմ հարուցված գործը համարում են քաղաքական դրդապատճառներով կայացրած դատավճիռ։
«Մեմորիալ, Աջակցություն քաղբանտարկյալներին» նախագիծը Մելքոնյանցին ներառել է քաղբանտարկյալների ցուցակում:























