Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը հայտնեց, որ «Յունիբանկն» իրենց սպառնացել է այն բանից հետո, երբ ինքը հարցազրույց է տվել «Ռեգնում» գործակալությանը, որը 5 օր անց կորչում է գործակալությունից:
Մանվել Տեր-Առաքելյանը նշեց, որ «Յունիբանկի» կողմից ուղարկված նամակում ասվել է, թե հարցերը պետք է տղամարդավարի լուծել: Սրա հետ կապված՝ «Հին Էրիվանի» սեփականատիրոջ մոտ հարցեր են ծագում, թե ինչ է նշանակում տղամարդավարի` միաժամանակ նշելով, որ թող ոչ ոք չկասկածի իր տղամարդկային հատկությունների վրա:
«Երբ Վարդան Աթայանն ասում է, թե՝ վերջացրեք լրատվամիջոցներով հայտարարությունները, ես ասել եմ, որ ոչ մի բան սխալ բան չեմ արել: Հիմա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 214 և 178 հոդվածների չափանիշներով»,- ասաց սեփականատերը:
Վերջինիս շահերի պաշտպան Հայկ Ալումյանը փոխանցեց, որ ըստ վերոնշյալ հոդվածների` անձին մեղադրանք է առաջադրվում այն բանի համար, որ նա չարաշահում է իր պաշտոնական լիազորություններն ու ապօրինի գումար է շորթում:
Լրագրողի այն հարցին՝ արդյոք Տեր-Առաքելյանի նկատմամբ ճնշումներ եղել են, նա նշեց, որ եղել են չինովնիկական ճնշումներ:
Մանվել Տեր-Առաքելայնը հայտնեց, որ դեռևս չի տա այն մարդկանց անունները, ովքեր ցանկացել են գումարներ կորզել իրենից:
«Բարոյական ձևաչափից դեռ չեմ ուզում դուրս գալ և անպայման մեծ ասուլիս կհրավիրեմ, և այդ չինովնիկական կաստային ջրի երես կհանեմ, թե ովքեր են ինձ հետ բանակացություններ տարել և ցանկացել ինձնից կորզել 2,8 միլիոն դոլար»,-ասաց նա և նշեց, որ այն փաստաթուղթը, որն ինքը նախապես ստորագրել էր ու հետո պարզել, որ սխալ է, չգիտի՝ որտեղ է գտնվում: Իրեն Աթայանն ասել է, որ պատռի և դեն նետի և ինքն էլ նույնը կանի, սակայն, ըստ երևույթին, Աթայան այն դեն չէր նետել:
Մանվել Տեր-Առաքելյանը նշեց, որ «Յունիբանկը» թակարդն է ընկել իր իսկ գործողությունների ներքո: «Ես պատրաստ եմ 5 մլն վճարել, միայն թե հանե՛ք «Հին Էրիվանի» վրայից սև պիտակը: Հիմա ոչ մի ֆինանսական կառույց չի ցանկանում ինձ հետ համագործակցել: Ես պատրաստ եմ վճարել, քանի որ գիտեմ` ովքեր են իմ դիմաց կանգնած: Բայց բանը եկավ և հասավ նրան, որ ինձ բերանի վերջին բառերով գրված նամակ են ուղարկում»,- ասաց Տեր-Առաքելայնը:
Փաստաբան Նիկոլայ Հակոբյանը դժվարացավ պատասխանել այն հարցին` ձեռնտու է արդյոք «Հին Էրիվանին» սնանկ ճանաչվելը: «Տույժերը կանխելու հանգամանքը խնդրի լուծում չէ: Քանի որ Մանվել Տեր-Առաքելյանը կատեգորիկ է այդ հարցում: Տուժեր-տուգանքներն էական դեր չունեն վեճի հարթեցման հարցում: Ես չեմ հասկանում, թե ինչու մյուս համաձայնագիրը, որը բանկը չի ընդունում, ապա ինչու է լումայով ճշտված տվյալներն այն համաձայնագրում են, որը բանկը չի ընդունում»,-իր խոսքում նշեց փաստաբանը:
Նրա գնահատմամբ` միակ բացատրությունն այն է, որ բանկի համակարգչում տեղադրված են եղել հենց այդ համաձայնագրի տեղեկությունները:
Նշենք նաև, որ «Յունիբանկը» ցանկացել է «Հին Էրիվանի» շենքը ձեռք բերել 2,8 միլիոն դոլարով, սակայն աճուրդ չի հայտարարվել: Սրա հետ կապված՝ Մանվել Տեր -Առաքելյանն ասաց, որ նախ պետք է լինի պարտադրված ֆինանսական վերլուծություն: