Լոռու մարզպետը դեռ չգիտի` կշարունակի պաշտոնավարել, թե՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից այսօր armlur.am լրատվականը փորձեց պարզել` ինչ սպասելիքներ ունի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից:

«Սպասելիքներս, իհարկե, մեծ են, որովհետև ես նաև երեկ խորհրդի նիստին եմ ներկա եղել, և ՀՀ նախագահը հստակ ներկայացրեց այն պահանջները, որոնք պետք է իրականացվեն նոր կառավարության կողմից:

Ես համոզված եմ, որ նոր կառավարությունը  պետք է ի կատար ածի այն հանձնարարականները, որոնք տրվեցին երեկ ՀՀ նախագահի կողմից»,- ասաց Նալբանդյանը:

-Պարո՛ն Նալբանդյան, կարծում եք` Հովիկ Աբրահամյանն ի զորո՞ւ է կյանքի կոչել նախագահի հանձնարարականները:

-Միանշանակ համոզված եմ, որովհետև Աբրահամյանն ունի անցած ճանապարհ, փորձ. որտեղ ինքն աշխատել է, իրեն արդարացրել է:

-Հաշվի առնելով, որ մարզպետերը նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ, ըստ Ձեզ` նոր ձևավորվելիք կառավարության հետ դուք կշարունակե՞ք աշխատել, թե՞ պաշտոնանկ կարվեք:

-Անկեղծ ասած, չեմ կարող ասել: Ինձ թվում է` կուսակցությունը, նաև՝ ձևավորվող կուսակցությունը  կորոշի:

-Բայց դուք ունե՞ք ցանկություն շարունակելու աշխատել մարզպետի պաշտոնում:

-Եթե իմ աշխատանքն ընդունելի է, բնականաբար, կաշխատեմ, իսկ եթե ընդունելի չլինի, ոչ մի ծանր բան չկա այդտեղ:

Սոնա Դավթյան




Լրահոս