Սեւ կատու անցավ` անհաջողություն կլինի, աղը թափվեց` կռիվ է սպասվում, թուղթ ու գիր են արել, աչքով են տվել…. Գնամ բախտ բացողի մոտ` «կարտ գցի», սուրճիս բաժակը նայի, մոմ թափի, վրայիս աչքն էլ տրաքացնի…. Այսպիսի բաների հավատում են միայն սնահավատ մարդիկ, բայց չէ՞ որ այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, մենք ինքներս ենք դրան նպաստում: Եւ եթե չհավատաս վերը նշված բաներին, դրանք քեզ վնասել կամ վերաբերել չեն կարող: Իսկ ամենակարեւորը` հիշել ոսկե կանոնը. «Ամեն ինչ քո ձեռքերում է»:
Երգչուհի Աիդա Սարգսյանից որոշեցինք պարզել, թե որքանով է նա սնահավատ, հավատում է արդյոք թուղթ ու գիր կոչվածին: Ի դեպ, հետաքրքիր բացահայտումներ եղան. երգչուհին խոստովանեց, որ այդ չար ուժերի ազդեցությունը զգացել է հենց իր մաշկի վրա:
-Ժամանակին չեմ հավատացել, մինչեւ մաշկիս վրա չզգացի: Պատահել է, երբ օրինակ աղ է թափվել, ու հետո ինչ-որ անախորժ բան է եղել, մեխանիկորեն սկսել եմ հավատալ: Բայց եթե ասեմ` կուրորեն կամ հիվանդագին եմ հավատում, այդպիսի բան չկա:
-Դուք Ձեզ սնահավատ համարո՞ւմ եք:
-Սնահավատ չէի ասի, բայց նավս կոչվածին, չար աչքին հավատում եմ: Նույնիսկ իմ երեխային կարող են աչքով տալ: Օրեր առաջ, երբ բալիկիս հետ զբոսնում էինք, մեկ էլ մի կին մոտեցավ, ասաց` վա~յ, էս ինչ լավ բալիկ է, եւ այդ պահին աղջիկս ընկավ:
-Երբեւէ, նույնիսկ շատ երիտասարդ տարիներին չե՞ք գնացել բախտ նայողի մոտ:
-Ես այդ տեսակ բաների չեմ հավատացել, բայց երբ հենց իմ տանից գտա այդ թուղթ ու գիր կոչվածը, այդտեղ խոսքերն ավելորդ էին:
-Մի քիչ կմանրամասնե՞ք:
-Դե մեր տան բազկաթոռի մեջ գտա մի կապոց, որի մեջ շատ վատ բաներ էին գրված, եւ այդ ամենը փաթաթված էր իմ հագուստից կտրած կտորի մեջ: Հարեւանուհիս, ով հասկանում էր նման բաներից, ինձ խորհուրդ տվեց այդ ամենը տանել, շպրտել ջուրը, մոմ թափեց, ու անցավ գնաց: Ես այդ օրը հասկացա, որ կան կեղտոտ մարդիկ, որոնք կարող են այդ տեսակ բաներ անելով, թեկուզ ժամանակավորապես, ազդել մարդու ինքնազգացողության եւ կյանքի ընթացքի վրա:
Առաջին անգամ էի նման բանի հետ առնչվում, ու ինձ այդ ամենը շատ տհաճ էր: Բայց ամենակարեւորն այն է, որ մարդ ինքն իրեն հավատա, վստահի երկնային տիրոջը, եւ ամեն ինչ լավ կլինի:
-Թալիսման ունե՞ք:
-Ինձ թալիսման էին նվիրել հորոսկոպի իմ նշանով, ոսկյա զարդ էր, որը եւ փորձում եմ կրել: Չեմ կարող ասել, որ իմ հաջողությունները կապ ունեն այդ թալիսմանի հետ:
-Երբեւէ ուխտագնացության մեկնե՞լ եք կամ ուխտ պահե՞լ եք:
-Ո՛չ, բայց 2 անգամ ստացել եմ առաջարկ` ուխտագնացության մեկնելու Երուսաղեմ, պարզապես այն ժամանակ բալիկս փոքր էր, չէի կարող թողնել ու գնալ: Չնայած իմ մանկության երազանքներից մեկն է լինել Քրիստոսի հողի վրա: Երեւի թե հետաքրքրությունից դրդված եւ երազանքս իրականացնելու համար գոնե մի անգամ կգնամ այդ տեսակ ուխտագնացության:
-Ասում են` դրական մարդկանց աուրան շատ ավելի ուժեղ է:
-Ես դրան էլ եմ համամիտ, բայց կա նաեւ սատանայի իշխանություն ասվածը, որը կարող է այդ պահին ինչ-որ ներգործություն ունենալ, բայց ոչ լիարժեք:
-Ի՞նչ եք կարծում, մարդն իր ձեռքերո՞վ է կերտում իր ճակատագիրը, թե՞ ամեն ինչ կախված է այն բանից՝ որքանով ես դու հաջողակ կամ անհաջողակ:
-Ի սկզբանե պետք է հաջողակ ծնվես: Նույնիսկ Աստվածաշնչում կա էնպիսի մի բան, որ այն, ինչ մեզ տրված է ի վերուստ, մենք կարող ենք փոխել: Հավատում եմ, որ կան բաներ, որ մեզանից կախված չեն: Հենց իմ օրինակը բերեմ: Փոքրուց էլ օժտված եմ եղել ձայնային եւ դերասանական տվյալներով, պլաստիկայով: Ինձ ասում էին` վա~յ, դու լավ երգչուհի կամ պարուհի կդառնաս: Ես էլ ասում էի, որ պետք է բժշկուհի կամ իրավաբան դառնամ: Դպրոցն ավարտելուց հետո ես հասկացա, որ իմ ճակատին գրված էր երգչուհի դառնալ, որովհետեւ այն տեղերը, որ ես ուզում էի ընդունվել, մի տեղ քննությունից ուշացա, մի տեղ եղբայրներս չթողեցին: Մի խոսքով, եղավ այն, ինչ պետք է լիներ:
-Հաճա՞խ են Ձեր կյանքում անսպասելի, բայց հաճելի իրադարձություններ տեղի ունենում:
-Ես հասկացել եմ մի բան. ինչքան պլանավորում եմ, չի ստացվում: Մեկ էլ հանկարծակի էնպիսի մի բան կկատարվի, որ մտածում եմ` նույնիսկ պլանավորելու դեպքում ամեն ինչ այսքան հարթ չէր գնա: Ապագա պլանների մասին էլ չեմ սիրում խոսել: Եղել են դեպքեր, երբ ես ոգեւորված, ուրախացած խոսել եմ` նույնիսկ վստահ լինելով, որ դա անպայման կստացվի, մեկ էլ այդ ամենը ձախողվել է: Մի բանի էլ եմ շատ հավատում: Եթե սրտանց մի բան շատ ցանկանաս, այդ էներգիան կհասնի տիեզերք եւ դրական պատասխանի տեսքով հետ կգա:
ԱՄԵՆ ԻՆՉ ՔՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ