Armenian text to speach

Կոնյակագործներին ՀՀ կառավարությունից տուն են ուղարկել․ ակցիան ավարտվե՞ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոնյակագործների հերթական ակցիան Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց այդպես էլ չհասավ Կառավարության շենք։ Տնտեսվարողների հետ կապ են հաստատել կառավարությունից և համոզել՝ կառավարության շենք գալ պետք չէ, նրանց հարցին լուծում կտան։

Վերջին 1-1.5 ամիսներին Ռուսաստան կամ Մերձբալթյան երկրներ Լարսի անցակետով ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունները իրենց համար տարօրինակ ստուգումների են ենթարկվում, ինչն էլ դարձել է արդեն 2-րդ խոշոր ակցիայի պատճառ Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Կոնյակագործները պնդում էին, որ բեռնված մեքենաներն արդեն 40 օր է՝ արհեստական խոչընդոտներով պահվում են Վրաստանի տարածքում։

Մայիսի 13-ին տեղի ունեցած կոնյակագործների առաջին ակցիան ավարտվեց դեսպանին իրազեկելով, քանի որ դեսպանատանը տեղյակ չէին, թե Վրաստանն ինչ միջոցներ է սկսել կիրառել։

Ակցիայի մասնակիցներն ասում էին՝ իրենց խմիչքը Վրաստանում չի վաճառվելու, բեռնատարներն օրերով կամ շաբաթներով պահելու, խմիչքը փորձաքննության ենթարկելու իմաստը ո՞րն է, չեն հասկանում: Այս խնդիրն առաջացնում է մի շարք բարդություններ՝ հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ։

Դեսպանատան ներկայացուցիչը դուրս էր եկել, խնդրել ցուցակ ներկայացնել, թե որ ընկերություններն են դեսպանության առաջ հավաքվել: Ներկայացուցիչը, որը չներկայացավ, նշեց՝ դեսպանը ներսում էր, ցուցակը կտրամադրեն, կհասկանան անելիքները:

Մեկ շաբաթ անց որևէ արդյունք չտեսնելով՝ տնտեսվարողները կրկին ակցիա կազմակերպեցին նույն տեղում և փորձեցին քայլերթով շարժվել դեպի կառավարություն, սակայն ճանապարհից նրանց հորդորել են տուն գնալ և վաղվանից աշխատել, հարցն անպայման լուծվելու է։

Խնդրի մասին տեղյակ են նաև Էկոնոմիկայի նախարարությունում: Խորհրդարանում հենց մայիսի 13-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ասաց՝ հայկական խմիչք արտահանող ընկերությունները ֆինանսական ահռելի կորուստներով են ապրանքը տեղ հասցնում՝ հաճախ դուրս մնալով շուկայի մրցավազքից:

«Էն վնասները, որ կրում են մեր տնտեսվարողները, դժվար թե ուշքի գան: Եվ էս հարցը շատ կարևոր է և ձեր ուշադրության կենտրոնում պիտի լինի», – ասաց Դանիելյանը, – «Կոչ եմ անում Ձեզ հանդիպել, եթե մինչև հիմա հանդիպում չի եղել, ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների հետ, որ էս անորոշությունը պարզաբանվի, և մարդիկ իմանան իրենց արտադրվելիք ապրանքի ծավալները, ոնց պլանավորեն իրենց աշխատանքը, ինչ ակնկալիքներ ունենան, և էս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում»:

Գևորգ Պապոյանն ասել էր, որ մեկ օր առաջ Հայաստանում հանդիպել է վրացական կողմի պաշտոնյաների հետ, ու այս հարցը նույնպես քննարկել են:

«Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը երեկ, երեկ էլ, երեկ չէ առաջին օրը Հայաստանում էր, և մենք բազմաթիվ հարցերի շրջանակում նաև այդ հարցն ենք քննարկել: Պրոբլեմը միայն կոնյակի մեջ չէ: Գործընկերների հետ աշխատանքի արդյունքում էս պահի դրությամբ ծաղիկի, փայլաթիթեղի և տեքստիլի հետ կապված հարցերը մենք լուծել ենք», – ասաց Պապոյանը՝ շարունակելով. – «Հարցը կա, խնդիրը կա, ես հիմա ոչինչ չեմ ուզում թաքցնեմ, ոչ էլ ուզում եմ ուռճացնեմ, քննարկել ենք էդ հարցը, և ի տարբերություն նախորդ ապրանքների՝ դեռևս հարցերի փաթեթը լուծված չէ: Խոստացել են, որ էս պահին առկա կուտակումների հետ կապված որոշակի լուծումներ կլինեն և էն, ինչ որ կա, բաց կթողեն, բայց մեզ պետք է նաև որոշակի, էսպես ասած, ինստիտուցիոնալ լուծում, որ նոր կուտակումներ կամ նոր էդպիսի խնդիրներ չառաջանան»:

Կոնյակագործները ընդունել են կառավարության վերջին խոստումը և վաղվանից վերադառնալու են աշխատանքի։ Շարունակելու են աշխատել՝ մինչև հասկանան, թե Հայաստանի և Վրաստանի կառավարություններն ինչ են որոշելու։

Էմմա Միքայելյան




Լրահոս