Ես որևէ պաշտոնի հավակնություն չունեմ. Գրիգորի Մարգարյան (Բելաջիոյի Գրիշ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Մարգարյանից (Բելաջիոյի Գրիշ) armlur.am լրատվականը հետաքրքրվեց` արդյո՞ք կցանկանա, որ  ԲՀԿ-ն իշխանության մաս կազմի:

Պատգամավորն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել կուսակցության ղեկավարին:

«Եթե հարազատ կուսակցության ղեկավարը որոշում ընդունի մտնել կոալիցիայի մեջ, ես կուրախանամ, իսկ եթե որոշի չմտնել՝ ես չեմ տխրի»,- ասաց Գրիգորի Մարգարյանը:

Պատգամավորին նախ հիշեցրինք` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի` «որոշ ԲՀԿ-ականներ, եթե այլ ձևաչափերով հնարավոր է ներգրավված լինեն կառավարությունում, ապա նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից» հայտարարությունը, ապա հետաքրքվեցինք` մե՞ծ է ԲՀԿ-ականների թիվը, որոնք ցանկանում են լինել իշխանության կազմում:

Ի պատասխան` պատգամավորն ասաց, որ անձամբ ինքը ցանկություն չունի զբաղեցնելու որևէ պաշտոն և 11 տարվա ընթացքում ցանկություն չի էլ ունեցել:

Ինչ  վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Գրիգորի Մարգարյանն ասաց, որ եթե խմբակցության քարտուղարը նման բան է ասել, ուրեմն դա կուսակցության տեսակետն է, որը Մարգարյանը ողջունում է:

-Պրն Մարգարյան, համաձա՞յն եք այն տեսակետին, թե հիմնականում իշխանության մաս փորձում է լինել  ԲՀԿ-ի գործարար հատվածը:

-Ես նման ինֆորմացիա չունեմ: Հատ-հատ կարելի է նայել, թե խոսքն ո՞ւմ է վերաբերում: Ես կոնկրետ  որևէ պաշտոնի հավակնություն չունեմ, նպատակներ էլ: Եթե ունենայի, ապա 11 տարվա ընթացքում ինչ-որ բանի կհասնեի:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից:

-Վերջին 20 տարիների ընթացքում Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է լուրջ պաշտոններ: Վերջին 5 տարում եղել է ԱԺ նախագահ, և ԱԺ-ի աշխատանքները շատ կազմակերպված են եղել: Ես, լինելով պատգամավոր, պետք է հիշեցնեմ`Հովիկ Աբրահամյանը եղել է  իմ ղեկավարը, ու ես իր մասին միայն լավը կարող եմ ասել: Վստահ եմ` կանի ամեն ինչ, որ բարգավաճի Հայաստանը:

-Պրն Աբրահամյանը կշարունակի՞ Տիգրան Սարգսյանի գործունեությունը, թե՞ կտրուկ բարեփոխումներ կանի:

-Ես չեմ կարծում, որ ԱԺ պատգամավորը պետք է  պատասխանի այդ հարցին: Կարծում եմ` Աբրահամյանի օրոք կբարելավվի երկրի վիճակը:

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց պատգամավորը, ինքը չի պատրաստվում հետևելու Դավիթ Քոչարյանի օրինակին, և դուրս գալ ԲՀԿ-ից: 

Սոնա Դավթյան




Լրահոս