Երբ անհավանականը դառնում է հավանական, զարմանալի ոչինչ չի մնում:
Բնական և հասկանալի է, որ մարդիկ սգում են իրենց հարազատի կորուստը, բայց այն, որ մի պահ պարզ է դառնում, որ նրանք լացել են ուրիշ դիակի վրա, դա արդեն ֆանտաստիկայի ժանրից է:
Ինչևէ, անհնարին ոչինչ չկա:
Օրերս Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի դիահերձարանում, որքան զավեշտալի, այնքան էլ անհավանական դեպք է տեղի ունեցել. Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` աշխատակիցները շփոթել են Բյուրեղավան քաղաքի և Աբովյանի շրջանի Բալահովիտ համայնքի 78 և 70-ամյա բնակիչների դիակները:
Բալահովիտի ծեր բնակչուհին, ողբալով ամուսնու մահը, չի նկատել, որ մահացածը, որը բերվել է դիահերձարանից, իր ամուսինը չէ: Դիահերձարանի շփոթմունքն առաջինը նկատել են բյուրեղավանցիները: Նրանք արագ ահազանգել են դիահերձարան, ապա՝ իրականացրել դիակների փոխանակում: Իհարկե, հագուստի փոխանակում, այնուամենայնիվ, չի կատարվել:
Դեպքի առթիվ դիահերձարանից մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց, իսկ Աբովյանի բժշկական կենտրոնից Armlur.am-ին հայտնեցին, որ դեպքը պարզաբանել չեն կարող:
Ինչևէ, դիակները վաղուց հողին են հանձնվել, իսկ թե ինչ տպավորություններ կմնան հարազատների հուշերում, դժվար չէ պատկերացնել:
Տաթև Հարությունյան